Մատչելիության հղումներ

«Մանկատներում ապրող 1250 երեխան Հայաստանի համար շատ է»


Հայաստանի պետական եւ մասնավոր մանկատներում այսօր ապրում է շուրջ 1250 երեխա:

«Պետական 8 մանկատներից 2-ը մասնագիտացված են, այնտեղ պետության խնամքի տակ են գտնվում խոր մտավոր եւ ֆիզիկական արատներ ունեցող, ընդհանուր առմամբ, շուրջ 340 երեխաներ: Մանկատներում ապրող մնացած երեխաները առողջ են, ավելին, շատերն ունեն ծնողներ, առնվազն՝ մեկին: Այդ երեխաները միավորված են «սոցիալական որբեր» կատեգորիայում», - «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը:

Նրա խոսքերով՝ «սոցիալական որբության» խնդիր ունենք երկրում, եւ «պետական նպատակային ծրագրեր պետք է լինեն, որպեսզի աղքատության կրճատման ռազմավարության եւ այլ ծրագրերի շրջանակներում երեխաները վերադառնան ընտանիք»:

Ծնողները չեն հրաժարվել երեխաներից, այլ, փաստացի, «ի պահ են տվել պետությանը», մինչեւ կարողանան «ոտքի կանգնել»: Իսկ իրոք որբ երեխաները ընդամենը 5 տոկոս են կազմում:

«Դրանք արդեն երկկողմանի ծնողազուրկ երեխաներն են կամ այն ծնողների երեխաներն են, որոնք հրաժարվում են իրենց երեխաների հետագա խնամքից եւ դաստիարակությունից», - ասում է Լալա Ղազարյանը:

«Հայաստանի համար 1250 մանկատան երեխա շատ է, իմ կարծիքով, ոչ մի երեխա չպետք է լինի հաստատությունում: Պետությունը պետք է հասնի զարգացման այն աստիճանին, երբ մանկատներ չկան, դժվար իրավիճակում հայտնված երեխան մանկատանը խնամվում է այլ ծառայությունների միջոցով», - գտնում է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետը:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG