Մատչելիության հղումներ

Արեւմտյան վերլուծաբանները համոզված են, որ Իրանի ադրբեջանցիների դժգոհությունները խորքային բնույթ ունեն


Իրանի ադրբեջանաբնակ շրջաններում կատարվող վերջին իրադարձությունները անցած երկու շաբաթների ընթացքում դարձան մի քանի տասնյակ մարդկանց մահվան ու ձերբակալության պատճառ:

Ամստերդամի Սոցիալական պատմության ինստիտուտի աշխատակից, ազգային փոքրամասնությունների գծով փորձագետ Թուրաժ Աթաբակիի գնահատմամբ՝ Իրանի իշխանությունները չէին սպասում, որ հակակառավարական ելույթները նման լայն ծավալ ձեռք կբերեն:

«Ցուցարարների դեմ իշխանությունները քրեական տարրերին են օգտագործում: Սկսվել են զանգվածային ձերբակալություններ: Իշխանություններին թվում է, թե դա ճգնաժամը հանգուցալուծելու լավագույն ձեւն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աթաբակին:

Քաղաքագետի գնահատմամբ՝ վերջին լարվածության արմատները շատ ավելի խորքային են, քան կարող է թվալ առաջին հայացքից:

«90-ականների վերջին՝ նախորդ նախագահ Խաթամիի օրոք, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին առավել լայն հնարավորություն տրվեց մասնակցել սեփական գավառների կառավարմանը: Նշանակվեցին տեղացի նահանգապետեր ու քաղաքապետեր», - պարզաբանեց նա՝ շարունակելով. - «Ահմադինեջադի՝ նախագահ ընտրվելուց հետո տեսնում ենք, որ վերջին 8 տարիների ընթացքում նշանակված այդ պաշտոնյաները ազատվում են աշխատանքից, իսկ նրանց փոխարինելու են գալիս նոր գործիչներ՝ երկրի այլ շրջաններից»:

Առայժմ վերլուծաբանները ի վիճակի չեն գտնել այս օրերի գլխավոր հարցի պատասխանը՝ ինչո՞վ են ավարտվելու Իրանի ադրբեջանցիների զանգվածային ելույթները: Ոմանց գնահատմամբ, պաշտոնական Թեհրանը շատ արագ կճնշի դրանք, ինչը, սակայն, չի նշանակում, թե քաղաքացիական անհնազանդության գործողությունները առաջիկայում չեն կրկնվի:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG