Մատչելիության հղումներ

logo-print

Նամիկ Թան. «Թուրքիա - Հայաստան գաղտնի բանակցությունները շարունակվում են»


«Թուրքիա - Հայաստան գաղտնի բանակցությունները շարունակվում են, եւ այժմ բանակցությունների նոր փուլ է նախապատրաստվում», - չորեքշաբթի օրը Անկարայում հրավիրած ասուլիսում ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամիկ Թանը:

Ըստ խոսնակի՝ վերջին տարվա ընթացքում Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարությունների պաշտոնյաները հանդիպել են երեք անգամ:

Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա մարտին՝ Վիեննայում: Այդ նույն օրերին ընթանում էին Թուրքիա - Եվրամիություն բանակցությունները, եւ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը անձամբ հետեւում էր հայ եւ թուրք պաշտոնյաների հանդիպմանը, որը գաղտնի էր պահվում լրատվամիջոցներից:

«Ասոշիեյթեդ փրես»-ը փաստում է, որ «բանակցությունները ակնհայտորեն ճեղքման չեն հանգեցրել, բայց նույնիսկ այն փաստը, որ կողմերը բանակցում են, ինքնին խոսուն է»:

«Թուրքիայի ջանքերի հաջողությունը կախված է Երեւանի ճկուն դիրքորոշումից, նաեւ երկկողմանի եւ տարածաշրջանային խնդիրների լուծումից», - ասել է Նամիկ Թանը, ավելացնելով՝ - «Թուրքիան մտադիր է ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու նպատակով»:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, մեկնաբանելով Անկարայից ստացված տեղեկատվությունը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Շփումներ Թուրքիայի արտգործնախարարության հետ միշտ էլ եղել են: Ապագա բանակցությունների մասին այս պահին որեւէ բան հնարավոր չէ ասել»:

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծիք էր հայտնել, որ հայ-թուրքական հարաբերություններում հետընթաց է նկատվում:

Նամիկ Թանը հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունները սկսվել էին այն բանից հետո, երբ 2005 թվականի ապրիլին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նամակներ փոխանակեցին:

Ըստ «Ֆրանս պրես» գործակալության՝ Էրդողանը առաջարկել է «որպես հարաբերությունների բարելավման առաջին քայլ՝ պատմաբաններից կազմված համատեղ հանձնաժողով ստեղծել՝ ցեղասպանության մեղադրանքները ուսումնասիրելու համար»: Նույն աղբյուրի վկայությամբ՝ «Քոչարյանը սկզբունքորեն ընդունել է առաջարկը, բայց շեշտել է, որ Անկարան, նախ, պետք է առանց պայմանների նորմալացնի հարաբերությունները Հայաստանի հետ»:


Արմեն Դիլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG