Մատչելիության հղումներ

Խորհրդարանը կրկին հետ է ուղարկում «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրինագիծը


Չորեքշաբթի օրը արտահերթ նիստում խորհրդարանը վերջին երկու տարվա մեջ երրորդ անգամ հետ ուղարկեց «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի նախագիծը, որը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ պետք է մտներ 2008-֊ի հունվարի 1-ից:

Հարկային տեսչության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի կարծիքով, դա բավարար ժամանակ էր, որպեսզի ֆիզիկական անձինք հասկանային իրենց պարտավորությունները. - «Եթե ամսական 500 հազար դրամից ավելի եկամուտ են ստանում, հայտարարագրեն իրենց եկամուտները ու ըստ այդմ վճարեն իրենց հարկերը»:

Օրենքը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց քվեարկության մասնակիցների թվի պակասի պատճառով:

«Հիմնականում չի քվեարկել «Ժողպատգամավոր» խմբակցությունը, «Օրինաց երկիր» խմբակցությունը», - ասաց Ալավերդյանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ օրինագիծը տապալած պատգամավորները դեմ են կոռուպցիայի դեմ պայքարին, Ալավերդյանը արձագանքեց. - «Ես այդպիսի հայտարարություն չարեցի, իսկ այդպիսի ենթադրություն անելը, իհարկե, ձեր իրավունքն է: Ես էլ մտքում կարող եմ այդպիսի ենթադրություն անել»:

«Պետք է այդ խմբերի, խմբակցությունների պատգամավորների հետ աշխատենք, իմանանք [օրինագծին դեմ քվեարկելու] պատճառը», - ավելացրեց նա:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մենք ինքներս որպես պետական պաշտոնատար անձինք, պատգամավորներ դժվարանում ենք եկամուտների հայտարարագիր ներկայացնել... Այսօր իրոք մեր հասարակությունը պատրաստ չէ»:

Հեղինակներն այս օրենքը հնարավորինս շուտ՝ չորրորդ անգամ բերելու են խորհրդարան: Իսկ մինչ այս օրենքը չընդունվի, շարունակելու է գործել բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին օրենքը:

Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը, որ արտահերթ նիստի օրակարգում է, քննարկման կդրվի վաղը, իսկ երկու մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը՝ մյուս օրը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG