Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարը Անկարայում կքննարկի նաեւ իրադրությունը Հարավային Կովկասում


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով այսօր ժամանելու է Անկարա, Թուրքիայի ղեկավարության հետ քննարկելու է նաեւ իրավիճակը Հարավային Կովկասում: Այդ մասին երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը:

Լավրովի երկօրյա այցի ընթացքում քննարկվելու են «կարեւոր տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես, իրաքյան եւ մերձավորարեւելյան ճգնաժամերի կարգավորման հարցերը, Իրանի միջուկային ծրագիրը, իրավիճակը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, Կիպրոսի խնդիրը», - ասել է Կամինինը: Ըստ նրա, կողմերը կնախապատրաստեն նաեւ Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի առաջիկա այցը Ռուսաստան:

«Ղարաբաղյան հիմնախնդիրը այսօր մեծապես կախված է ոչ թե ռուս-թուրքական հարաբերություններից եւ քաղաքական շփումներից, այլ Բաքու-Վաշինգտոն երկխոսությունից եւ Վաշինգտոն-Մոսկվա-Բաքու եռանկյունիից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, «Կարնեգի» կենտրոնի գիտական խորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոն:

«Դժվար թե ռուս-թուրքական հարաբերությունները որեւէ լուրջ ազդեցություն ունենան նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա», - գտնում է քաղաքագետը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG