Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Կարծում եմ, խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրություններ չեն սպասվում», - «Ազգ»-ի ընթերցողների հարցերի պատասխաններում ասում է Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեք 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից, Բաղդասարյանը արձագանքում է. - «2007-ից ունենք հաջողության եւ հաղթանակի ակնկալիք»:

«Ուղիղ կապ. Արթուր Բաղդասարյան» խորագրի տակ «Իրավունք»-ը մատուցում է իր ընթերցողների հարցերին տված խորհրդարանի նախկին խոսնակի պատասխանները: «Ես դեմ եմ արտահերթ ընտրություններին», - ասում է Բաղդասարյանը: - «Ես կողմ եմ, որ մեր երկրում ամեն ինչ իր ժամանակին լինի, որպեսզի երկրի միջազգային հեղինակությունը չվնասվի: Չմոռանանք, որ այդ ընտրություններին մնացել է ընդամենը 8 ամիս... Թող ընտրությունները լինեն ժամանակին, բայց լինեն արդար եւ ազատ: Եվ այն մարդիկ, ովքեր մտածում են, որ կարող են կեղծել եւ մարսել, չարաչար սխալվում են»:

«Գոլոս Արմենիի»-ին առանձնացնում-շեշտադրում է մի շարք «գլխավոր հարցեր». «Ո՞ւմ կհաջողվի միավորել ընդդիմությանը ընտրությունների նախաշեմին», «Կկրկնի՞ արդյոք Արթուր Բաղդասարյանը Ստեփան Դեմիրճյանին, որն իր հետ խորհրդարան բերեց մի շարք գաճաճ կուսակցությունների», «Արդյո՞ք դրանք Արեւմուտքի առջեւ պատրանք կստեղծեն, թե նախկին խոսնակը կարող է առանցքային գործիչ դառնալ նախընտրական գործընթացներում», «Ի՞նչ դեր են իշխանությունները վերապահել Արթուր Բաղդասարյանին. համախմբված ընդդիմության առաջնորդի՞, թե՞, հավանաբար, թողել են առանց դերակատարության: Գուցե դա ցուցադրական օրինակ է սկսնակների համար. իբր՝ տեսեք ինչ է լինում նրանց հետ, ով քաղաքականության մեջ խախտում է խաղի կանոնները»: «Դժվար թե որեւէ մեկը համոզված պատասխանի այս հարցերին», - գրում է թերթը՝ հավելելով. - «Ընտրություններին շատ ժամանակ չի մնացել, այնպես որ այս հարցերի պատասխանները կհնչեն»:

«Չորրորդ իշխանություն»-ը, արձանագրելով, որ «Օրինաց երկիր» կուսակցության հետ հնարավոր համագործակցության մասին հայտնեցին ոչ միայն Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը, այլեւ «Հանրապետություն» կուսակցության որոշ լիդերներ, շարունակում է. - «Մեր տեղեկություններով, «Օրինաց երկիր»-ի հետ համագործակցության շուրջ արդեն իսկ բանակցություններ են վարում նաեւ Ազատական առաջադիմական կուսակցությունը՝ ի դեմս Հովհաննես Հովհաննիսյանի, Ազգային ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ)՝ ի դեմս Շավարշ Քոչարյանի»: «Արթուր Բաղդասարյանի համար ընդդիմադիր մի քանի կուսակցությունների, առավել եւս Հովիկ Հովհաննիսյանի, Արամ Զավենի Սարգսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի հետ համագործակցությունը «Օրինաց երկիր»-ի համար «վիզ» անհրաժեշտություն է՝ նախ եւ առաջ ռեաբիլիտացվելու եւ հասարակության շրջանում վստահության արժանանալու, ընդդիմադիր վերմակն իր վրա քաշելու իմաստով», - գրում է թերթը:

«Արթուր Բաղդասարյանի հետ այս օրերին շփվողներն ասում են, որ նա հոգեբանորեն չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ինքն այլեւս նախկին է, որին ոչինչ չի հասնում», - շարադրում է «168 ժամ»-ը: - «Ու այդ նախկին լինելու մտքից ու ոչ վաղ անցյալի հիշողությունների մեջ խճճված Արթուր Բաղդասարյանն իրեն սկսել է համեմատել մյուս երկրների՝ եվրոպական, Ազգային ժողովի նախկին նախագահների հետ՝ ասելով, թե եվրոպաներում լավ են վերաբերվում իր նման նախկինների հետ»:

«Ազգային ժողովի աշխատակազմի տարբեր ներկայացուցիչներ, որոնք ընդամենը երկու շաբաթ առաջ էին անդամագրվել ՕԵԿ-ին, երեկ բոլորին եւ հատկապես ՀՀԿ պատգամավորներին ցուցադրում էին ՀՀԿ-ի իրենց անդամատոմսը», - մատուցում է «Հայկական ժամանակ»-ը՝ հեգնելով. - «Ասում են, ԱԺ հնաբնակների այդ սաստավն ունի նաեւ ՀՀՇ-ի անդամատոմս ու դա եւս պահում է՝ «քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում» տարբերակի համար»։

«Արդարություն» խմբակցության անդամ Հրանտ Խաչատրյանը, անդրադառնալով Ազգային ժողովի նոր նախագահի առաջիկա ընտրությանը, «Հայոց Աշխարհ»-ում ասում է. - «Դահլիճում կմասնակցենք քննարկումներին եւ տեսակետ կհայտնենք առաջադրված թեկնածությունների վեաբերյալ, եթե դրանք մի քանիսը լինեն։ Սեփական թեկնածու չենք առաջադրելու եւ քվեարկությանը չենք մասնակցի: Սա իհարկե պասիվ կեցվածք է, բայց մեծամասնության դիրքորոշումներից քաջատեղյակ լինելով, հասկանում ենք, որ ամեն ինչ սկզբունքորեն կանխորոշված է»։

«Նույնիսկ առնետավազքն է կեղծ» վերնագրի ներքո «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Օրինաց երկիր» կուսակցությունից դուրս եկած պատգամավորները եթե մի քիչ համարձակություն ունենային, ուղղակի կհայտարարեին՝ ախր, ի՞նչ առնետավազքի մասին է խոսքը. մենք ոչ մեկին չենք դավաճանել: Ժամանակին Սերժ Ազատիչը մեզ հրամայել էր անդամագրվել «Օրինաց երկիր»-ին, գնացինք անդամագրվեցինք: Հետո հրամայեց դուրս գալ՝ խելոք-խելոք դուրս եկանք... Ի՞նչ վատ բան ենք արել: Մեր քաղաքական սկզբունքներին չենք դավաճանել, ճամբար չենք փոխել...»: Մեկնաբանի հետադարձ հայացքով՝ ըստ էության «առնետավազք տեղի չի ունեցել նույնիսկ 1998-ին, երբ «Հանրապետություն» բլոկից շատերը «Երկրապահ» դարձան: Շատերն այդ բլոկի մեջ էին մտել Վազգեն Սարգսյանի հանձնարարականով եւ վճռական պահին, բնականաբար, կանգնեցին նրա կողքին: Ի՞նչ առնետավազքի մասին է խոսքը»:

««Կա՞ արդյոք Հայաստանում խորհրդարանական ճգնաժամ, թե՞ չկա» խորիմաստ բանավեճում հակված եմ համաձայնել իշխանական կողմի հետ», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Խորհրդարանական ճգնաժամ բացարձակապես չկա: Այն պարզ պատճառով, որ խորհրդարան էլ չկա... Խամաճիկների մի խմբին փոխարինել է մեկ այլ խումբ, որը ստացել է պետական կերակրատաշտից իր համեստ բաժինը՝ պաշտոնների եւ դրանցից բխող տնտեսական օգուտների տեսքով»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG