Մատչելիության հղումներ

Ղրղըզները դեմ են Բիշկեկում Հեյդար Ալիեւի հուշարձան տեղադրելու գաղափարին


Ղրղըզստանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ բողոքել են երկրի մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձան տեղադրելու գաղափարի դեմ:

Տեղի ադրբեջանական կազմակերպություններից մեկի՝ «Հեյդար Ալիեւի քաղաքականության աջակցության եւ զարգացման» հասարակական հիմնադրամի նախաձեռնությանն ի պատասխան, Բիշկեկի քաղաքային խորհրդի նախագահ Գուրժամալ Բայբոլովը հայտարարել է. -«Ի՞նչ է արել Հեյդար Ալիեւը Ղրղըզստանի եւ մասնավորապես Բիշկեկի համար: Մի՞թե մենք չունենք արժանի հայրենակիցներ, որոնց հիշատակը կարելի է հավերժացնել»:

Ղրղըզական քաղաքական վերնախավի մեկ այլ ներկայացուցիչ` խորհրդարանի պատգամավոր Թեմիր Սարիեւը այս առթիվ հայտարարել է. -«Բիշկեկում Հեյդար Ալիեւի հուշարձան տեղադրելը, ինձ թվում է, անիմաստ է»:

Ադրբեջանական day.az կայքը փոխանցում է նաեւ, որ մինչեւ օրս Բիշկեկի քաղաքապետարանի կողմից պաշտոնապես որեւէ որոշում չի կայացվել քաղաքում Ադրբեջանի նախկին նախագահի հուշարձան տեղադրելու մասին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG