Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը վաղը պաշտոնական այցով մեկնում է Ղազախստան, որտեղ հանդիպելու է նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:

Անցած տարի Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, թե դեմ են, որ 2009 թվականին Ղազախստանը նախագահի ԵԱՀԿ-֊ում, քանի որ, լինելով Հայաստանի հետ նույն կառույցներում՝ ԱՊՀ֊-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Ղազախստանը միջազգային կազմակերպություններում եւ մահմեդական երկրների հավաքներում քվեարկում է ոչ հայանպաստ փաստաթղթերի եւ որոշումների օգտին:

Ղազախստանը ԱՊՀ֊ երկրներից առաջինն է ցանկություն հայտնել նախագահել ԵԱՀԿ֊-ում, ինչը մի քանի օր առաջ վերահաստատել է նախագահ Նազարբաեւը:

«Հետխորհրդային տարածքում միայն Ղազախստանը կարող է հավակնել ԵԱՀԿ-ի նախագահությանը: Համոզված եմ, որ թե’ տնտեսական, թե’ քաղաքական բարեփոխումներով մենք առաջ ենք անցել ԱՊՀ բոլոր երկրներից», - ասել է Նազարբաեւը՝ ավելացնելով. - «Ղազախստանը պետք է մտնի աշխարհի 50 ամենամրցունակ երկրների շարքը»:

Ինչպես այսօր հաղորդել է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, հունիսի 1-֊ին Վարդան Օսկանյանը ելույթ կունենա Ղազախստանի դիվանագիտական ակադեմիայում: Նախկին մայրաքաղաք Ալմաթիում նա կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

1999 թվականին Ղազախստանում բնակվում էր մոտ 20 հազար հայ: Այնտեղ գործում են Հայ մշակութային կենտրոնը եւ «Էրեբունի» ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG