Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կրկին վտարվել է իր գրասենյակից


«Ժառանգություն» կուսակցությունը այսօր կրկին վտարվել է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում գտնվող իր գրասենյակից: Կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով դիմել է երկրի իրավապահ մարմիններին ղեկավարներին:

Այս գրասենյակից մարտի 4-ին տեղի ունեցած վտարման շուրջ դատական վեճը դեռեւս պետք է շարունակվի հունիսի 1-ին: Երեկ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցները, ի կատարումն դատարանի որոշման («Ժառանգություն» կուսակցության միջնորդել էր՝ որպես դատական հայցի ապահովման միջոց արգելել Պարոնյանի թատրոնին որեւէ գործողություն կատարել իրենց զբաղեցրած գրասենյակում), բացել էին գրասենյակը ու ներս էին թողել Րաֆֆի Հովհաննիսյանին ու կուսակցության մի քանի անդամների, սակայն մի քանի ժամ հետո վերադարձել ու պահանջել էին ազատել տարածքը: Հովհաննիսյանը հրաժարվել էր՝ պնդելով, որ դա ապօրինություն է:

Գիշերը գրասենյակում անցկացրած Րաֆֆի Հովհաննիսյանին եւ իր մի քանի կուսակիցներին այսօր առավոտյան ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները, այդուհանդերձ, ստիպել են ազատել տարածքը: Րաֆֆի Հովհաննիսյանը համապատասխան արձանագրության մեջ նշել է, որ իրեն ու իր կողմնակիցներին «ճնշմամբ ու իր կամքին հակառակ են իրենց գրասենյակից դուրս հանել»:

«Փաստորեն 6 ժամվա ընթացքում հարկադիր ծառայողները դատարանի վճիռը պարկեշտորեն, օրենքի շրջանակներում իրականացնելուց հետո հրահանգ են ստացել այլ ատյանից եւ իրենց շրջադարձով ցուցադրել են, որ մեղ մոտ արդարադատությունը տակավին փուչիկ է», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կենտրոնի վարչության ղեկավար Վահրամ Ենոքյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե կուսակցության անդամներին թույլատրված էր մտնել գրասենյակ՝ միայն ստուգելու համար, թե արդյո՞ք ամեն ինչ տեղում է:

Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով դիմել է Հայաստանի իրավապահ մարմինների ղեկավարներին: «Իմ վարձակալած տարածքը ապօրինաբար փակելուց հետո իմ գույքից անհայտ անձինք ապօրինաբար օգտվել են: Խնդրում եմ պարզել, թե ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ նպատակներով եւ ու՞մ ցուցումով է մուտք գործել համակարգիչ», - ասված է նամակում:

Ավելի ուշ Հայաստանի ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ Րաֆֆի Հովհաննսիյանի նամակը ստացվել է, եւ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը համապատասխան վարչությանը հանձնարարել է քննել գործը:

Հայաստանի գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը առայժմ չի ստացել Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը:


Աննա Սաղաբալյան եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG