Մատչելիության հղումներ

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշմամբ, հուլիսի 1-ից մայրաքաղաքի բաժանորդները խմելու ջրի յուրաքանչյուր խորանարդի դիմաց ներկայիս 125 դրամի փոխարեն կվճարեն 172,8 դրամ։

Իր գործունեության մեջ առաջին անգամ հանձնաժողովը առանց մի լումա անգամ իջեցնելու բավարարեց սակագնային հայտը ներկայացրած «Երեւան ջուր» ընկերությունը 10 տարով վարձակալած ֆրանսիական «Ջեներալ Դեզո» ընկերության պահանջը։

Հանձնաժողովի նիստից հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը հավաստիացրեց, թե ջրամատակարար նոր ընկերության հետ կնքած պայմանագիրը ու այսօր հաստատված սակագինը թույլ կտան էապես բարելավել Երեւանի ջրամատակարարումը:

Իսկ քննարկման ընթացքում Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչը հավաստիացրեց, թե իտալական «Էյ-Յութիլիթի» ընկերության հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո անցկացված մրցույթին լավագույն հայտը՝ ամենացածր սակագնով ներկայացրել է հենց ֆրանսիական ընկերությունը, որին, ի տարբերություն իր նախորդի, Երեւանի ջրմուղի ոչ թե կառավարման, այլ առեւտրային վարձակալության պայմանագիր է առաջարկվել։

Նոր վարձակալը պարտավորվել է 10 տարի անց շուրջօրյա ջրամատակարարում ապահովել մայրաքաղաքի բաժանորդների 95 տոկոսին։

Դանիական «Ռեմբուլ» աուդիտորական ընկերության ուսումնասիրության համաձայն այսօր շուրջօրյա ջրամատակարարում ունեն մայրաքաղաքի բաժանորդների 77,8 տոկոսը։ Սպառողների իրավունքների պաշտպանությանը հետամուտ կազմակերպությունների եւ նույն՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անցկացրած մոնիտորինգի համաձայն, սակայն, իրականում այդքան բաժանորդ օրվա մեջ ջուր է ստանում ընդամենը 4 ժամ։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG