Մատչելիության հղումներ

«ժառանգության» անդամներին կրկին փորձում են վտարել կուսակցության գրասենյակից


Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը, որի անդամները երկուշաբթի օրը կրկին հնարավորություն էին ստացել մտնել իրենց գրասենյակը, ընդամենը մի քանի ժամ հետո կրկին ստիպված էին պայքարել իրենց գրասենյակում մնալու իրավունքի համար:

Հովհաննիսյանն ու իր մի քանի կուսակիցները հրաժարվում են հեռանալ Պարոնյանի անվան թատրոնի շենքում գտնվող գրասենյակից, որտեղից վտարվել էին երեք ամիս առաջ:

Մարտի 4-ին տեղի ունեցած վտարման շուրջ դատական վեճը դեռեւս պետք է շարունակվի հունիսի 1-ին: Մինչ այդ, սակայն, «Ժառանգություն» կուսակցությունը միջնորդությամբ դիմել էր դատարան՝ պահանջելով որպես դատական հայցի ապահովման միջոց արգելել Պարոնյանի թատրոնին որեւէ գործողություն կատարել իրենց զբաղեցրած գրասենյակում: Դատարանը դեռեւս ապրիլի 14-ին որոշում էր կայացրել բավարարել միջնորդությունը, սակայն դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությանը դատարանի այդ որոշումը ինչ-ինչ պատճառներով հասել է ավելի քան 40 օր ուշացումով:

Ավելին՝ երեկ կուսակցության գրասենյակի մուտքը բացելու նպատակով ժամանած ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները նախ ասացին, թե դատարանի որոշումը նշանակում է միայն, որ գրասենյակը պետք է բացվի, կատարվի գույքագրում, հետո նորից փակվի ու հանձնվի թատրոնի տնօրինությանը: Երկար բանավեճերից հետո սակայն, պարզվեց, որ դատարանի որոշումը ենթադրում է, որ գրասենյակը պետք է կուսակցության տնօրինությանը հանձնվի մինչեւ դատական վեճի վերջնական լուծումը:

Արդեն երեկոյան, սակայն, ԴԱՀԿ աշխատակիցները վերադարձել էին ու առանց որեւէ փաստարկ ներկայացնելու պահանջում էին ազատել տարածքը:

«Դատական ակտերի կատարողները նորից եկան, հիմա էլ պահանջում են, որ մենք դուրս գանք, որովհետեւ իրենք պետք է դուռը պլոմբեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի վարչական օգնական Մամիկոն Սարգսյանը՝ հավելելով. - «Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս չի գալու գրասենյակից, քանի որ իրենց կատարածը ապօրինություն ու անօրինականություն է»:

Իսկ երեկ ավելի վաղ՝ գրասենյակ մտնելուց հետո, «ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էին, որ մարտի 8-ին ինչ-որ մեկը մուտք էր գործել կուսակցության համակարգիչներից մեկը, որտեղ հիմնականում զետեղված էին կուսակցության ակտիվիստներին վերաբերող տեղեկություններ:

«Թե’ ոստիկանությունը, թե’ անվտանգության ծառայությունը ճնշումներ են բանեցնում, ահաբեկում են՝ սպառնալով, որ մեր անդամները պիտի զրկվեն իրենց աշխատանքից, բերման պիտի ենթարկվեն, պիտի բանտ նստեցվեն, եւ դա իր հոգեբանական որոշակի ազդեցությունը թողնում է մարդկանց վրա», - «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:


Աննա Սաղաբալյան եւ Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG