Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը այլեւս խորհրդարանի խոսնակը չէ, «Օրինաց երկիր»-ը պատրաստվում է արտահերթ համագումարի


Երկուշաբթի օրը «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վերահաստատեց իր հրաժարականը, ինչը, ըստ օրենքի, նշանակում է, որ նա այլեւս խորհրդարանի խոսնակը չէ: Ազգային ժողովում կայացած մամլո ասուլիսում նա հայտարարեց նաեւ, որ մոտ ժամանակներս տեղի կունենա իր գլխավորած կուսակցության արտահերթ համագումարը, որտեղ կճշտվեն առաջիկա անելիքները:

Այս ամիս «Օրինաց երկիր»-ը դուրս եկավ իշխող կոալիցիայից, իսկ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Պայքարելու ենք այն Հայաստանի ստեղծման համար, որը փայփայում ենք մեր երազների մեջ: Այն Հայաստանի ստեղծման համար, որտեղից մարդիկ չեն փախչի, այլ որտեղ մարդիկ կգան, եւ հայրենադարձությունը կլինի ոչ թե սոսկ երազ, այլ կլինի իրականություն: Եվ ես կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը, բոլոր խումբ-խմբակցությունների հետ, այլ քաղաքական ուժերի հետ միտված է լինելու հենց այն Հայաստանի ստեղծմանը, որը կարեւորելու է ապագան: Որովհետեւ մեզ համար ապագայի, առաջընթացի իրական հույսը շատ ավելի կարեւոր է, քան շատերի համար ոչինչ չտվող ներկան կամ ապրած անցյալի անցանկալի հիշողությունները», - երեկ լրագրողներին ասաց Արթուր Բաղդասարյանը:

Աշխատանքային օրվա ավարտին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ գումարվեց խորհրդակցություն՝ Դաշնակցության եւ Հանրապետական կուսակցության մասնակցությամբ:

Ազգային ժողովի խոսնակի պաշտոնի ամենահավանական թեկնածուն՝ Տիգրան Թորոսյանը, ով նաեւ Բաղդասարյանի հրաժարականի մասին հայտարարությունից հետո ԱԺ նախագահի պաշտոնակատարն է, «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է վերաբերում իր հնարավոր առաջադրմանը խորհրդարանի խոսնակի պաշտոնին, ասաց. - «Որպես հերթական պարտականություն»:

Ազգային ժողովի նախագահը ընտրվում է հետեւյալ կարգով. պատգամավորներն առաջադրում են թեկնածուներ, նրանց հարցեր են տրվում, ինչից հետո կազմակերպվում է փակ գաղտնի քվեարկություն: Խորհրդարանի նախագահը ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ՝ 66 կողմ ձայնով:

Իսկ մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար բավարար է ներկա պատգամավորների ձայների կեսից ավելին:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ անցած օրերի քննարկումների արդյունքում «պաշտպանության հանձնաժողովի [նախագահի] թեկնածուն կառաջարկի Դաշնակցությունը, սոցիալականինը՝ ՄԱԿ խմբակցությունը»:

Խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ մայիսի 31-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այդ նպատակով այսօր խորհրդարանում կսկսվի ստորագրահավաք. արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG