Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է Արթուր Բաղդասարյանի հրաժարականը


Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, հնարավոր համարելով համագործակցությունը իշխող կոալիցիայից դուրս եկած «Օրինաց երկիր» կուսակցության հետ, ողջունեց դրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հրաժարականը Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:

«Որպես առաջին պետական պաշտոնյան, ով հրաժարական տվեց պետական պաշտոնավարումից սկզբունքային հարցերով, գիտեմ, որ դյուրին քայլ չէ», - նկատի ունենալով 1992 թվականին իր հրաժարականը նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարարի պաշտոնից, «Ազատություն» ռադիոկայանին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շարունակելով. - «Ողջունում եմ դա [Արթուր Բաղդասարյանի հրաժարականը] եւ հույս եմ տածում, որ դա կունենա իր համակարգային շարունակությունը: Եվ այդ շարունակության մեջ կլինի ե’ւ ինքնագնահատական, ե’ւ գնահատական անցած ճանապարհի: Ոչ թե քավարան, այլ ինքնագնահատական, որպեսզի մենք յուրաքանչյուրս եւ միասին, սովորելով սեփական սխալներից, վերջապես ստեղծենք այն դաշտը՝ այդ ընդհանուր գաղափարական ավազանը եւ այդ դերակատարները, որոնք գրանցելու են ոչ թե հերթական բարոյական հաղթանակը, այլ վերջապես մեր նորանկախ պետության պատմության մեջ առաջին իրական ընտրական հաղթանակը»:

Ընդհանրապես ընդդիմության եւ մասնավորապես «Ժառանգություն» կուսակցության հետագա գործունեության մասին Հովհաննիսյանը ասաց. - «Մենք դիտարկում ենք առաջիկա պայքարը որպես համատեղ, համախմբված պայքար... Անկախ կուսակցական կամ անհատական վարկանիշից, այսօր հավաքական նվիրված պայքար է պետք ազատ, ժողովրդավարական Հայաստանի համար»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահը հավելեց, որ ակտիվ շփումները Մտավորականների ֆորումի, Վազգեն Մանուկյանի եւ մյուս գործընկերների հետ շարունակվում են. - «Հակված ենք ոչ թե փոքր լուծումների, այլ համալիր, համապարփակ, դաշտահավաք լուծումների, որտեղ կան այն ուժերը, այն առաջնորդները եւ, ամենակարեւորը՝ այն քաղաքացիները, ովքեր չեն վախենում, ովքեր պատրաստ են պայքարի»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG