Մատչելիության հղումներ

Պարույր Հայրիկյան. «Այսօրվա իշխանությունները ժամանակավոր են»


«Ինքնորոշում միավորում» կուսակցության 25-րդ համագումարի ամբիոնից կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը հնչեցրեց իր համոզմունքը, որ երկրում անհրաժեշտ է իշխանափոխություն, քանի որ «Հայաստանը ներկայիս ռուս իշխանավորների համար ընդամենը մանրադրամ է»:

Կուսակցության 25-րդ համագումարը այսօր միակ հոբելյանական առիթը չէր՝ այսօր նշվում էր նաեւ խորհրդային տարիներին ընդհատակում իր գործունեությունը ծավալած Ազգային միացյալ կուսակցության 40-ամյակը:

Իր զեկույցում Հայրիկյանը ասաց, որ շարունակում է օրակարգային մնալ «Ինքնորոշում միավորում» կուսակցության ավանդական պահանջներից մեկը՝ իշխանափոխությունը:

«Եթե նախապես չորդեգրենք ազգային հեռագնա ռազմավարություն իրականացնելու ընդունակ գործչի կարողություններին ապավինելու ընդհանրական քաղաքականություն, ապա նույնիսկ իշխանափոխության դեպքում, իր բոլշեւիկյան անցյալով երջանիկ մեկ ռուսամիտ ու ռուսամետ «պարտօրգի» փոխարինելու է գալու ռուսական հարճի կարգավիճակի սիրահար մեկ այլ «պարտօրգ» կամ չեկիստ», - համագումարի ամբիոնից ասաց Պարույր Հայրիկյանը:

Նրա կարծիքով, հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը ցույց է տալիս, որ «Հայաստանը ներկայիս ռուս իշխանավորների համար ընդամենը մանրադրամ է», եւ «իրավիճակի թելադրանքով կրկին կարող է դրվել հարաբերությունների զոհասեղանին»:

«Այսօրվա իշխանությունները ժամանակավոր են», - շարունակեց Հայրիկյանը: - «Հայաստանի տերը եղել է եւ մնում է հայ ժողովուրդը: Եվ վաղ թե ուշ Հայաստանը որպես ռուսական կայսերապաշտության ֆորպոստ, ոստան ընկալող գործակալները արժանին են ստանալու»:

Հայրիկյանը նաեւ չկարողացավ զսպել վիրավորանքը. - «Իսկ մենք կարծում էին, որ մեր նման կուսակցության 40-րդ տարեդարձը գոնե կառավարական մակարդակով կնշվեր»: Ու, նկատի ունենալով իր վաղեմի գաղափարական հակառակորդ Անդրանիկ Մարգարյանին, ասաց. - «Բացի ԿԳԲ-ի հայտնի ու գաղտնի գործակալներից ո՞վ կարող է դեմ լինել, որ հայությունը, պետականորեն նշելով անկախության հանրաքվեի 15-ամյակը, արժանին հատուցի այդ գործի ճարտարապետին»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG