Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյան. «Գեղամյանը հրաժարվել էր գլխավորել Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբը»


«Արդարություն» դաշինքի եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը այսօր, անդրադառնալով «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հեռուստաբանավեճում իր հոր՝ Կարեն Դեմիրճյանի հետ կապված հայտարարություններին, ասաց, որ Գեղամյանը «խեղաթյուրել է իրականությունը»:

Երկու օր առաջ «Շանթ» հեռուստաընկերության եթերում Արթուր Բաղդասարյանի հետ բանավեճի ընթացքում «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, մասնավորապես, ասել էր, թե «98 թվականի [նախագահական] ընտրությունների նախաշեմին մինչեւ գիշերվա ժամը 2-ը երջանկահիշատակ Կարեն Սերոբիչենց [Դեմիրճյանի] տանն եմ եղել: Իր հետ եկել ենք պայմանավորվածության՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հարցի ծայրաստիճան բարդ լինելը, ինքը համոզվել է, որ ճիշտ կլինի, որ ինքը դառնա վարչապետ, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը վստահվի Ռոբերտ Քոչարյանին»:

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ Արտաշես Գեղամյանը հարկ համարեց հիշեցնել հեռուստաբանավեճի այդ հատվածը:

«Ինքը [Կարեն Դեմիրճյանը]՝ չափազանց կարեւորելով Հայաստանի խաղաղ զարգացումները, պետք է որոշում կայացներ», - այսօր իր պարզաբանումները ներկայացրեց Գեղամյանը: - «Իսկ ենթատեքստը կայանում էր նրանում, որ՝ կուզենար՝ կդառնար նախագահ, կուզենար՝ կդառնար վարչապետ»:

Կարեն Դեմիրճյանի որդին՝ «Արդարություն» դաշինքի եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, այս կապակցությամբ ասաց. - «Այդ խոսակցությանը [Դեմիրճյանների տանը] ես ներկա եմ եղել. Կարեն Դեմիրճյանը «Ազգային միաբանության» ղեկավարին առաջարկել է դառնալ [նախընտրական] շտաբի պետ: Առաջարկությունը մերժվել է նրա [Գեղամյանի] կողմից»:

Արտաշես Գեղամյանը, հիշեցնենք, 1998 թվականի ընտրություններին առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու:

Շարունակելով՝ Ստեփան Դեմիրճյանը ասաց, որ դրանից հետո նախագահի թեկնածու առաջադրվելը Գեղամյանի իրավունքն էր, սակայն «նա իրավունք չունի խեղաթյուրելու իրականությունը՝ հատկապես կապված Կարեն Դեմիրճյանի հետ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG