Մատչելիության հղումներ

Գուլուզադե. «ՎՈւԱՄ-ը ԱՊՀ-ի այլընտրանքն է»


Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն լրագրողներին ասել է, որ ՎՈւԱՄ-ի հիման վրա Ժողովրդավարության եւ տնտեսության զարգացման կազմակերպություն ստեղծման գործում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ը:

«Այս կազմակերպությունը ուղղված է մի շարք երկրների անկախությունն ամրապնդելուն», - «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ասել է Գուլուզադեն: - «Միաժամանակ, Ժողովրդավարության եւ տնտեսության զարգացման կազմակերպությունը իր առջեւ նպատակ է դրել ինտեգրվել Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին: Բայց հիմնական նպատակը այլընտրանքն է ԱՊՀ-ին: Հայտնի է, որ այդ կազմակերպությունը (ԱՊՀ-ն) ստեղծվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ որպեսզի գաղութացվեն նախկին խորհրդային հանրապետությունները: Ուստի ես անհրաժշետ եմ համարում ԱՊՀ-ին այլընտրանք ներկայացնող կազմակերպության գոյությունը»:

Ինչ վերաբերում է նորաստեղծ կազմակերպության նկատմամբ Ռուսաստանի բացասական վերաբերմունքին, ադրբեջանցի քաղաքագետը «բնական» է որակել այն, քանի որ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե ԱՊՀ-ի առկայության պայմաններում նոր կազմակերպության ստեղծման անհրաժեշտությունը չկար:

Ավարտվող շաբաթասկզբին Կիեւում տեղի է ունեցել ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության գագաթնաժողովը, որտեղ պաշտոնապես հայտարարվել է կառույցը միջազգային կազմակերպության՝ «Ժողովրդավարության եւ զարգացման կազմակերպության» վերակազմավորելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG