Մատչելիության հղումներ

Միջազգային միջնորդները տարածաշրջանից մեկնում են «առաջընթացի ակնկալիքով»


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները այսօր տարածաշրջանային այցի երկրորդ փուլում Երեւանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպումներից հետո հայտարարեցին, որ տարածաշրջանից մեկնում են՝ «հուսալով եւ ակնկալելով, որ առաջընթաց կլինի»:

Միջազգային միջնորդների պատվիրակությունը, որը այս անգամ, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննից, Բերնար Ֆասյեից ու Յուրի Մերզլյակովից, ներկայացված էր ավելի բարձր մակարդակով՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներով (Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասին, Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչ, դեսպան Պիեր Մորելի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդ), երեւանյան հանդիպումների ավարտին լրագրողներին հանդիպեց միայն համատեղ հայտարարությունը հրապարակելու համար:

Հայտարարության մեջ շեշտելով «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը եւ այն, որ հիմա ժամանակն է, որպեսզի կողմերը համաձայնության գան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ», ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները գրում են. - «Այսպիսի համատեղ առաքելությունը բացառիկ դեպք է: Այն պետք է մատնացույց անի այն լրջությունը, որով մենք վերաբերվում ենք այս հարցին եւ մասնավորապես այն համոզմունքը, որ մենք գտնվում ենք մի այնպիսի կետում, երբ փոխշահավետ համաձայնության կայացումը իրագործելի է»:

Փաստաթղթում շեշտված է նաեւ, որ «հակամարտությունը չի կարող ունենալ որեւէ այլ լուծում, քան խաղաղ լուծումն է». - «Եվ ավելին, երկու երկրներն էլ պետք է իրենց ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղության եւ ոչ պատերազմի»:

«Թե ինչ տեղի կունենա հիմա, դա կորոշեն Հայաստանն ու Ադրբեջանը: Մենք մեկնում ենք՝ հուսալով ու ակնկալելով, որ կլինի առաջընթաց», - եզրափակում են միջնորդները:

Համանախագահները այդպես էլ չպատասխանեցին լրագրողների հարցերին: Միայն Յուրի Մերզլյակովը, ի պատասխան Բուխարեստում Քոչարյան - Ալիեւ հանդիպման հնարավորությանը վերաբերող հարցին, արձագանքեց, թե այդ մասին նշված է հայտարարության մեջ: Այնտեղ նշված է սոսկ, որ միջազգային միջնորդները «աշխատել են նախադրյալներ ձեւավորել առաջիկայում երկու նախագահների հանդիպման համար»:

Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, մինչդեռ, հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Բուխարեստում, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը մասնակցելու են հունիսի 5-ին մեկնարկող «Երկխոսության եւ գործակցության Սեւծովյան համաժողովին», նախատեսված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG