Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում եթե ոչ ընդհանրապես, ապա գոնե տեսանելի անցյալում այսպիսի ձեւաչափով այցելություն տարածաշրջան չի եղել», - նշում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը՝ բխեցնելով. - «Այս առաքելությունը իր լրջությամբ աննախադեպ է: Աննախադեպ է նաեւ այն հայտարարությունը, որ երեկ համանախագահող երկրների ներկայացուցիչները արել են Բաքվում: Դա ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը թեւակոխում է աննախադեպ մի փուլ, որից հետո արդեն պրոցեսը չի սահմանափակվելու հայտարարություններով ու մեկնաբանություններով»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի նախօրեին տարածաշրջանում ու նրա շուրջ ձեւավորում է մի կացություն, երբ Հայաստանն ու հայ դիվանագիտությունը կանգնում են աննախադեպ հզոր, բայց՝ ժամանակային առումով կարճատեւ արտաքին ճնշումներին դիմագրավելու անհրաժեշտության առջեւ», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը։

«Մաքսային պետական կոմիտեն լրատվամիջոցներից մեկին պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրել 2004-2005 թվականների եւ 2006 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստան ներմուծված բջջային հեռախոսների քանակի մասին», - գրում է «168 ժամ»-ը՝ արձագանքելով. - «Սակայն այդ ցուցակն ավելի շուտ վկայում է այս ոլորտի ստվերայնության շատ բարձր մակարդակի մասին. այսինքն՝ վերջին 3 տարիներին Հայաստանում բջջային հեռախոսների թիվը շատացել է ընդամենը 11 հազար 178-ով... Առավել ծիծաղելի թիվ դժվար է պատկերացնել: Պաշտոնապես ներմուծված բջջային հեռախոսների մասին իր տեղեկատվությամբ Մաքսային պետական կոմիտեն հավանաբար կատակել է կամ էլ «ձեռ է առել» կոռուպցիայի դեմ պայքարողներին», - հեգնում է թերթը: «Հայկական ժամանակ»-ը, հաշվարկելով, թե 2005 թվականի ընթացքում Հայաստանում վաճառվել է առնվազն 275 հազար հատ բջջային հեռախոս, ներկայացնում է իր սեփական վարկածը. - «Այդ հեռախոսները Հայաստան են ներմուծվել մաքսազերծման դաշտի շրջանցումով` Սեդրակ Քոչարյանի բարձր հովանու ներքո: Ասել է թե՝ այն գումարները, որ պետք է այս ներմուծումից ստանար պետական բյուջեն, մեծ հավանականությամբ ստացել է Սեդրակ Քոչարյանը: Եվ եթե ենթադրենք, որ ամեն հեռախոսից Սեդրակը տասը դոլար ունի, միայն 2005 թվականին նա աշխատել է երկու միլիոն 750 հազար դոլար»:

«Երբ երկուսը կռվում են եւ այդ կռվում անցնում են մարդկային էթիկայի բոլոր սահմանները, դա, իհարկե, զվարճալի է լայն ժողովրդական զանգվածների համար: Երբ կռվում են երկու ընդդիմադիրներ, հատկապես զվարճանում են իշխանությունները, որովհետեւ կռվողները վարկաբեկվում են, իսկ իշխանական թեւը ի հայտ է գալիս «սպիտակ ձեռնոցներով»», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը: Զուգահեռներ անցկացնելով «Օրինաց երկիր» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների ղեկավարների միջեւ, թերթի խմբագիրը կանխատեսում է. - «Իհարկե, 2008-ին ո'չ մեկը, ո'չ մյուսը նախագահ չեն դառնա (թե ով կդառնա՝ բոլորս գիտենք): Բայց հարցը ոչ թե նախագահ դառնալն է, այլ արանքում փող աշխատելը»:

«168 ժամ»-ը պատմում է. - «Այն, ինչ կատարվեց վերջին օրերին երկրիս խորհրդարանում, նման է հայտնի «Մոխրոտը» հեքիաթին, որտեղ Արթուր Բաղդասարյանը դառնում է մոխրոտ, որպեսզի հետագայում արեւմտյան «բարի փերին» նրան «պուպուշ շորեր եւ բյուրեղյա կոշիկներ» նվիրելով հասցնի «իր մուրազին»: Տվյալ պարագայում Գեղամյանը ինքնակամ վերցրեց խորթ մոր դերը»:

«ՕԵԿ - «Ազգային միաբանությու» պատերազմական գործողությունների ընթացքում «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը խոսեց նաեւ այն մասին, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքում մի շարք ընդդիմադիր ուժերի ղեկավարներ ստորագրել էին փաստաթուղթ՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին», - մատուցում է «Առավոտ»-ը, որի հետ զրույցում ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցության) քարտուղար Ստեփան Զաքարյանը, անդրադառնալով նույն այդ փաստաթղթին՝ հիշեցնում է. - «Այն ստորագրվել էր մինչեւ ընտրությունների ավարտը չհրապարակելու պայմանավորվածությամբ, սակայն Արտաշես Գեղամյանի կողմից պայմանավորվածությունը ժամանակին խախտվել էր»: Նույն թերթում «Ազգային միաբանություն»-ից Գագիկ Կոստանդյանը հայտնում է. - «ՕԵԿ-ին ընդդիմության շարքերում ներդնելու մասին լուրը իրենք ստացել էին ամիսներ առաջ: Եվ ասվել էր նաեւ, թե ո՛ր քաղաքական ուժերն են միանալու ՕԵԿ-ին»:

«168 ժամ»-ի մեկնաբանը, գտնելով, թե Արթուր Բաղդասարյանը իշխանությունների համար այս պահին թերեւս վտանգ չի ներկայացնում, բայց հետագայում իրավիճակը կարող է փոխվել, գրում է. - «Արթուր Բաղդասարյանը կարող է ոչ միայն անցնել ընդդիմադիր դաշտ, այլեւ՝ դառնալ այդ դաշտի մի թեւի առանցքային դեմքն ու միավորիչ ուժը: Ընդդիմադիր դաշտում այսօր լիդերության խնդիր կա՝ Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը իրենք իրենց համարում են միակ եւ անփոխարինելի լիդերը, իսկ մյուս ուժերը դա առանձնապես չեն ընդունում: Իսկ հիմա այս իրավիճակը կարող է փոխվել: Եվ իշխանությունները, բնականաբար, խիստ անհանգստացած են, որովհետեւ ամեն ինչից զատ՝ Արթուր Բաղդասարյանը նաեւ Արեւմուտքի կողմից է ընկալելի, իսկ ներկա իշխանությունների վրա միջազգային ճնշումներն օրեցօր ուժեղանում են»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը «Առավոտ»-ում «դրական» գնահատելով ՕԵԿ-ի՝ խորհրդարանական կոալիցիան լքելու որոշումը, ասում է. - «Անկախ ամեն ինչից՝ ՕԵԿ-ի ընդվզումը ես համարում եմ թեեւ ուշացած, սակայն դրական երեւույթ, նախ՝ այն պատճառով, որ դրանով բացահայտվում է վարչակարգի կողմից շրջանառվող ու հասարակությանը մատուցվող այն թյուր կարծիքը, թե ով իրենց դեմ է խոսում՝ «իշխանության ու աթոռի կռիվ է անում»»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG