Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականները ցանկանում են իմանալ Ջոն Էվանսի պաշտոնազրկման պատճառը


Ամերիկյան կոնգրեսի ստորին պալատի 60 անդամներ նամակ են հղել պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին՝ ցանկանալով պարզել, թե ինչու է պաշտոնազրկվում Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպան Ջոն Էվանսը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Կոնգրեսականները պաշտպանել են դեսպանին, նշելով, որ «ցեղասպանություն» բառը «ճշգրտորեն բնորոշում է 1915 թվականի աղետալի իրադարձությունները»:

«Անցած տարի օգտագործելով ճշգրիտ տերմինը, դեսպանը ընդամենը հիմնվում էր մեր առաջնորդների նախորդ հայտարարությունների, ինչպես նաեւ բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականների բազմիցս հնչեցրած կարծիքների վրա»,֊ - ասված է 60 կոնգրեսականների նամակում:

«Ես լրջորեն մտահոգված եմ դեսպան Էվանսի վաղաժամկետ հետկանչով եւ հույս ունեմ, որ դա կապված չէ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա մեկնաբանությունների հետ»,֊ - «Ֆրանս պրես»֊ին ասել է կոնգրեսական Էդ Մերքին:

Այս շաբաթ նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում նոր դեսպան է առաջարկել Ռիչարդ Հոգլանդին, որն այժմ Տաջիկստանում ԱՄՆ-֊ի դեսպանն է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG