Մատչելիության հղումներ

logo-print
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) այսօր 2 ռադիոհաճախությունների համար հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչեց «Ուլիս-Մեդիա» եւ «Ռադիո-Պրո» ընկերություններին: «Մելտեքս» ընկերությունը, որի կազմի մեջ մտնում «Ա1+» հեռուստաընկերությունը, հերթական անգամ պարտվեց:

«Մելտեքս»-ը հայտ էր ներկայացրել մրցույթի հանված երկու ռադիոհաճախություններին, եւ երկու դեպքում էլ վարկանիշային քվեարկության նույն արդյունքով (22 միավոր՝ ընդդեմ մրցակիցների 29 միավորի) ՀՌԱՀ-ը նախապատվությունը տվեց «Ուլիս-Մեդիա» եւ «Ռադիո-Պրո» ընկերություններին:

«Մելտեքս»-ը հանձնաժողովին ներկայացրած փաթեթում խոստացել էր հաղթելու դեպքում առաջին տարվա ընթացքում կատարել 50 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Մրցակիցների խոստացած ներդրումները ավելի մեծ են՝ 77 հազար («Ուլիս-Մեդիա») եւ 60 հազար («Ռադիո-Պրո»):

Չորս տարի առաջ հեռուստակապուղուց զրկված «Ա1+» հեռուստաընկերության եւ «Մելտեքս» ընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը մինչեւ մրցույթի արդյունքների հրապարակումը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. - «Ակնկալիքները մեծ չեն, որովհետեւ չորս տարվա դառը փորձը ցույց է տվել, որ «Մելտեքս»-ը տեղ չունի եթերում: Եթե հակառակ որոշումը լինի, ինչը քիչ հավանական է, մեզ համար մեծ սյուրպրիզ կլինի»:

2002 թվականից ի վեր «Մելտեքս» ընկերությունը արդեն 12-րդ անգամ է պարտվում ՀՌԱՀ-ի հայտարարած մրցույթներում:


Ռուզան Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG