Մատչելիության հղումներ

Բրայան Արդունի. «Մենք կուզենայինք, որ Ջոն Էվանսի սկսած կարեւոր գործը ունենար շարունակություն»


Մայիսի 23-ին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում Միացյալ Նահանգների նոր արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնին առաջարկել է Ռիչարդ Հոգլանդին, որն այժմ ԱՄՆ-ի դեսպանն է Տաջիկստանում:

Ներկայիս դեսպան Ջոն Էվանսը, Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով, պաշտոնանկ է արվում անցած տարի Հայոց ցեղասպանության շուրջ արած հայտարարությունների համար:

«Մենք լրջորեն մտահոգված ենք եւ խորապես վշտացած այն հանգամանքով, որ Էվանսին պաշտոնից ազատելու հարցը կապված է Ցեղասպանության շուրջ նրա կատարած հայտարարության հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) գործադիր տնօրեն Բրայան Արդունին: - «Մենք կուզենայինք, որ Ջոն Էվանսի սկսած կարեւոր գործը ունենար շարունակություն»:

Հոգլանդը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մասնագետ է եւ 20 տարուց ավելի աշխատում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտում: Մինչեւ Դուշամբեում դեսպան նշանակվելը Հոգլանդը պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի բյուրոյի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրենն էր: Ռուսաստանի՝ Աֆղանստանում վարած պատերազմի տարիներին նա աշխատում էր ռուսներին ընդդիմացող ուժերի հետ:

2001 թվականի սեպտեմբերի 11-֊ից հետո, երբ նախագահներ Ջորջ Բուշը եւ Վլադիմիր Պուտինը որոշեցին շատ սերտ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում, Հոգլանդին հանձնարարվեց կազմակերպել պարբերական ռուս֊-ամերկյան խորհրդակցությունները, իսկ մեկ տարի անց նրա գլխավորած խումբը ներառվեց ԱՄՆ - Ռուսաստան հակաահաբեկչական աշխատանքային խմբի կազմում:

Հոգլանդը որպես խոսնակ է աշխատել Ռուսաստանում ԱՄՆ-֊ի դեսպանատանը, տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ուզբեկստանի եւ Պակիստանի ամերիկյան դեսպանատներում:

Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը պետք է քննարկվի եւ հաստատվի Սենատում:

«Սպասում ենք, որ քննարկումները կլինեն բազմակողմանի եւ սպառիչ: Մենք մեծ ուշադրությամբ ենք հետեւելու այդ գործընթացին», - ասաց Բրայան Արդունին:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

(Լուսանկարում՝ Ռիչարդ Հոգլանդը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG