Մատչելիության հղումներ

Այսօր Երեւան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները


Տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր Երեւան են ժամանում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցություններում միջազգային միջնորդություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Բաքվից ժամանող ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահներ Սթիվեն Մաննին, Բերնար Ֆասյեին եւ Յուրի Մերզլյակովին այս այցի ընթացում միացել են ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչ, դեսպան Պիեր Մորելին, Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը:

«Մեր քննարկումները Բաքվում կառուցողական էին: Վաղը մենք մեկնում ենք Երեւան, որպեսզի նման քննարկումներ անցկացնենք նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Մենք Բաքվից հեռանում ենք հույսերով եւ առաջընթացի ակնկալիքով», - Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումներից հետո երեկ նշել են համանախագահները:

«Ղարաբաղի հարցով բանակցություններն այն փուլում են, երբ փոխշահավետ համաձայնությունը հնարավոր է», - ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ երեկ Բաքվում տարածած համատեղ հայտարարության մեջ:

«Կողմերի համար եկել է համաձայնության գալու պահը», - ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: - «Այսպիսի կարեւորությամբ միջնորդական առաքելությունը պետք է ընկալվի որպես լրջության ազդանշան: Մենք հավատում ենք, որ գտնվում ենք մի կետում, երբ հնարավոր է հասնել փոխշահավետ համաձայնության: Այն, ինչ կկատարվի հետո, կախված է Հայաստանից ու Ադրբեջանից»:

Ֆրիդը ավելացրել է, որ Ադրբեջանի իշխանությունների հետ իրենք քննարկել են «խնդրի կարգավորմանը առնչվող մի շարք կարեւոր հարցեր», ինչպես նաեւ՝ «մոտ ժամանակներս [Հայաստանի եւ Ադրբեջանի] նախագահների հանդիպման հնարավորությունները»:

«Բաքվում մեր բանակցությունները շատ կառուցողական էին: Հուսով ենք, երեւանյան բանակցությունները նույնպես արդյունավետ կլինեն», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG