Մատչելիության հղումներ

«Իրավունք» շաբաթաթերթը քրեական գործ է հարուցելու պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի դեմ


«Իրավունք» շաբաթաթերթը, որի թղթակցին երեկ հայհոյել ու սպառնացել է Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը (պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբայրը) այսօր նամակներ է ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազություն, ոստիկանություն եւ ազգային անվտանգության ծառայություն՝ իր թղթակցի անվտագությունն ապահովելու եւ պատգամավորի դեմ քրեական գործ հարուցելու նպատակով:

Երեկ Ազգային ժողովի շենքում Ալեքսանդր Սարգսյանը «Իրավունք»-ի թղթակից Թագուհի Թովմասյանին հայհոյել ու սպառնացել է՝ պահանջելով բացահայտել շաբաթաթերթի մայիսի 2-ի հրապարակման աղբյուրը: Նշված հրապարակման մեջ Թովամսյանը տեղեկացրել էր, որ մայիսի լույս 3-ին աղետի ենթարկված A320 օդանավի ուղեւորներից 30-ը մինչեւ օդանավ բարձրանալը մասնակցել են ռուսաստանյան հայտնի մի «հեղինակության» 50-ամյակի առթիվ կազմակերպված խնջույքին, որի ընթացքում Ալեքսանդր Սարգսյանը ինչ-որ խոշոր գումարի համար վեճի է բռնվել («ռազբորկա» է արել) ռուսաստանցի հայտնի հեղինակության հետ:

Թագուհի Թովմասյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ պատգամավորին, փաստորեն, անհանգստացրել է ոչ թե նշված հրապարակման բովանդակությունը, այլ տեղեկատվության աղբյուրը:

«Սաշիկ Սարգսյանին, պարզվում է, շատ էր հետաքրքրում ոչ այնքան ինֆորմացիայի ճիշտ լինելը կամ սխալ լինելը, հավաստիությունը», - ասաց Թովմասյանը: - «Նրան ավելի շատ հետաքրքրում էր, թե ով է աղբյուրը ինֆորմացիայի, քանի որ անվերջ սպառնալիքներ էր տեղում, թե՝ եթե չասես, պրոբլեմներ կունենաս, դու գիտես ես ով եմ»:

«Բնականաբար, ես մտահոգված եմ, որ, հնարավոր է, նա ինչ-որ քայլեր ձեռնարկի, որովհետեւ նրա բառերի ընտրությունը, որը, իհարկե, շատ հեռու էր խոսակցական բառապաշարից՝ նա ավելի շատ փողոցային բառապաշար էր օգտագործում, նշանակում է, որ գուցե իսկապես իմ անվտանգությունը վտանգված է», - հավելեց լրագրողը: - «Այդ պահին միջանցքում կային պատգամավորներ, որոնց ներկայությամբ նա սպառնաց, որ իմ վերջը լավ չի լինի»:

«Իրավունք»-ի խմբագրական խորհրդի քարտուղար Հայկ Բաբուխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Այդ մարդը իրեն այդպես է պահում ոչ միայն որովհետեւ ինքն է այդպիսին, այլ՝ որովհետեւ նաեւ այդպիսի եղբայր ունի, որը իրեն թիկունք է համարում»:

«Ի գիտություն Սաշիկ Սարգսյանին եւ մնացած հետաքրքրվող անձանց հայտարարում եմ, որ (ռեստորանում Ալեքսանդր Սարգսյանի մասնակցությամբ «ռազբորկայի» մասին) ասել եմ ես՝ Հայկ Բաբուխանյանս», - ասաց նա: - «Թագուհուն ես եմ տվել այդ ինֆորմացիան»:

«Ես պահանջում եմ, որպեսզի երկրի ղեկավարությունը՝ մասնավորապես դատախազությունը, իրավապահ մարմինները ապահովեն լրագրողների անվտանգությունը, ընդունեն այս իմ հայտարարությունը եւ մամուլում եղած հրապարակումները որպես հանցագործության մասին հայտարարություն եւ կատարեն համապատասխան գործողությունները», - ասաց Հայկ Բաբուխանյանը:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ով նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, այս օրերին Թուրինում է, որտեղ ընթանում է շախմատի աշխարհի առաջնությունը: Իսկ Ալեքսանդր Սարգսյանը խուսափում է մեկնաբանություններից:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG