Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երեկ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել սիգարների ներկրման հաստատագրված վճարները նվազեցնելու մասին օրինագծին: Եթե այս նախագիծը դառնա օրենք, ապա շուտով սիգարների ներկրման հաստատագրված հարկը կնվազի գրեթե երեք անգամ», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը՝ մեկնաբանելով. - «Պատճառը այնքան պրիմիտիվ է, որ նման քայլի կարող են գնալ միայն միաբջիջները: Խնդիրն այն է, որ սիգարի բիզնեսի նկատմամբ հատուկ հետաքրքրություն է դրսեւորում ԱԺ ՄԱԿ (Միավորված աշխատանքային կուսակցություն) խմբակցության նախագահ Գուրգեն Արսենյանը... Իսկ ՄԱԿ-ն էլ, ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի հենարանի կարգավիճակ է ձեռք բերել՝ փոխարինելով «Օրինաց երկրին»: Այսպիսով, Քոչարյանի հենարանը դառնալու բառացիորեն հաջորդ օրը ՀՀ իշխանությունը ՄԱԿ-ի առաջնորդի բիզնես հետաքրքրությունների ոլորտին հարկային արտոնություն շնորհեց»:

«Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասում է. - «Պիտի նաեւ շնորհակալություն հայտնենք ՄԱԿ խմբակցությանը որոշակի պատասխանատվություն ստանձնելու առումով»: Նույն թերթի հարցազրույցում «Ժողպատգամավոր» խմբի անդամ Մկրտիչ Մինասյանը հայտնում է. - «Խմբին իսկապես առաջարկվեցին որոշակի քաղաքական դիրքեր, ոչ միայն Ազգային ժողովում, այլեւ գործադիր իշխանության մեջ։ Սակայն քննարկումների արդյունքում հանգեցինք այն եզրակացության, որ իմաստ չունի ընտրություններից մեկ տարի առաջ նման պատասխանատվություն ստանձնել... Քաղաքական պաշտոններ ստանձնելուց ձեռնպահ մնալը պայմանավորված է նրանով, որ մնացած մեկ տարում մենք, իբրեւ քաղաքական միավոր, օբյեկտիվ պատճառներով չենք կարողանալու ապահովել այդ պատասխանատվությանը համարժեք արդյունք»:

«Անկախ այն բանից, թե հիմա զանազան անկյուններում ինչպես են մեկնաբանում Արթուր Բաղդասարյանի հրաժարականը՝ վերեւների հետ նախօրոք համաձայնեցված գործուղում դեպի ընդդիմություն, մարտնչող պոպուլիզմի հերթական, բայց այս անգամ ճիշտ չհաշվարկված դրսեւորում կամ պարզապես՝ փողի ու ազդեցությունների՝ ՀՀ-ում շատ սովորական դարձած «էլիտար բազարի» հետեւանք, նրա արարքը որոշակի հարգանքի է արժանի», - գտնում է «Առավոտ»-ի մեկնաբանը՝ պարզաբանելով. - «Եթե անգամ ենթադրենք, որ ՕԵԿ-ը «գործուղվել» է, ապա այդպիսի գործուղումը, ինքնին, մեր իրականության մեջ քաղաքական մեծ խիզախություն է պահանջում: Կատակ բան չէ՝ այս քաղաքական քաոսի մեջ «նաղդը» թողնես ու ընկնես երիցս անորոշ «նիսիայի» ետեւից: Իսկ այդ «նաղդը» քիչ չէր. ԱԺ նախագահի կամ, ինչպես ընդունված է ասել՝ երկրորդ դեմքի աթոռ, մի շարք նախարարական պոստեր եւ բազմաթիվ երրորդ-չորրորդ «էշելոնների» պաշտոններ: Չհաշված՝ այդ պաշտոնների տանիքի տակ մեծ թվով «օեկամերձների»՝ հաջողակ բիզնես անելու մեծ հնարավորությունը: Հիմա ի՞նչ երաշխիք, որ ինչ-որ «իքս» ժամանակ հետո այդ ամենը ետ կբերես»:

«Առայժմ ականատես ենք ընդդիմության մեջ ավանդական դարձած ներքին պայքարին լիդերության համար», - «Հայոց Աշխարհ»-ում ասում է ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Նույն թերթը ներկայացնում է նաեւ ՀՌԱԿ (Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցություն) ատենապետ Հարություն Առաքելյանի տեսակետը. - «ՕԵԿ-ին սվիններով ընդունելու այս կեցվածքը ուղղակի զավեշտական է։ Գուցե մամուլի համար դա հետաքրքիր է, բայց քաղաքագիտության տեսանկյունից շատ ծիծաղելի իրավիճակ է ստեղծվել. կարծես ընդդիմությունն իրեն ինչ-որ կարգավիճակ է շնորհել եւ ինքն է լիցենզիա տալիս՝ ով պիտի լինի ընդդիմություն»։

«Ձեռքերդ հեռու «Օրինաց երկրից» ու նրա նախագահից: Այս նախադասությունն արդեն թեւավոր խոսք դառնալու հեռանկար ունի եւ հաճախ է բարձրաձայնվում ընդդիմություն - «Օրինաց երկիր» լեզվակռիվներում», - գրում է «Ազգ»-ը՝ հավելելով. - «Դրանցում հանրապետականներն ու դաշնակցականները դիտորդի կարգավիճակ են ստանձնել եւ շարունակաբար պնդում են, որ կատարվածը նորմալ քաղաքական ընթացքի արտացոլք է: Նրանք պարզապես հաճույք են զգում»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մատուցմամբ՝ «նախընտրական քաղաքական սերիալների ցուցադրությունն արդեն սկսվել է խորհրդարանում». - «Նոր սերիալի մասնակիցները չեն հայտարարել, թե հանդիսատեսը՝ այսինքն ժողովուրդն ու լրագրողները, քանի սերիալի ակնկալիք ունենա, բայց բուռն մուտքն ապահովել են, ինչը ենթադրում է, որ, ինչպես ասում են՝ այս խմորը շատ ջուր կտանի»:

«Հայտնի ասացվածքը, թե ճշմարտությունը ի հայտ է գալիս բանավեճի արդյունքում, վերջին օրերի խորհրդարանական իրադարձությունների դեպքում կիրառելի չէ: Ըստ էության, դա ոչ թե բանավեճ է, այլ լեզվակռիվ, ընդ որում՝ լեզվի էժանագին օգտագործմամբ: Տվյալ դեպքում բանավեճ եւ ճշմարտության բացահայտում չէր էլ կարելի սպասել, քանի որ կողմերը իրար ասում են բացարձակապես հանրահայտ ճշմարտություններ», - ընդգծված է «Հայկական ժամանակ»-ում: - «Արթուր Բաղդասարյանը, իհարկե, պատասխանատու է 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցածի համար: Նույնը վերաբերում է նաեւ 2005 թվականի հանրաքվեին: Արտաշես Գեղամյանը պատասխանատու է 2003 թվականի նախագահական ընտրություններում տեղի ունեցածի համար: Ասել է թե՝ իսկապես, լեզվակռվի կողմ երկու գործիչներն էլ ծառայել են իշխանության նպատակներին եւ ուղղակի հարաբերություններ են ունեցել Սերժ Սարգսյանի հետ»:

«Արմավիա» ընկերության օդանավի աղետի պատճառների շրջանառվող վարկածներից Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «Հայկական ժամանակ»-ում, բացառելով ահաբեկչության վարկածը, ասում է. - «Վթարից ընդամենը րոպեներ առաջ Կառլոս Պետրոսյանի որդին զանգահարել է իրեն դիմավորողներին ու ասել է, թե արդեն իջնում են։ Որքան տեղյակ եմ, Հուսիկ Հարությունյանը նույնպես զանգել է իր աղջկան ու ասել, որ շուտով իջնում են, որից հետո նրա ձայնը հանկարծակի կորել է։ Այսինքն, ինչ որ տեղի է ունեցել, կատարվել է ակնթարթային։ Եթե ահաբեկություն կամ ներսում կռիվ-վիճաբանություն լիներ, ապա ինքնաթիռի ընկնելուց հաշված րոպեներ առաջ այդ մարդիկ շատ հանգիստ չէին ասի իրենց դիմավորողներին, թե արդեն իջնում են»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG