Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնին առաջարկել է Ռիչարդ Հոգլանդին


ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում Միացյալ Նահանգների նոր արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնին առաջարկել է Ռիչարդ Հոգլանդին, որն այժմ ԱՄՆ-֊ի դեսպանն է Տաջիկստանում:

Հոգլանդը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մասնագետ է եւ 20 տարուց ավելի աշխատում է ԱՄՆ֊-ի պետդեպարտամենտում: Մինչեւ Դուշամբեում դեսպան նշանակվելը Հոգլանդը պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի բյուրոյի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրենն էր: Ռուսաստանի՝ Աֆղանստանում վարած պատերազմի տարիներին նա աշխատում էր ռուսներին ընդդիմացող ուժերի հետ:

2001 թվականի սեպտեմբերի 11-֊ից հետո, երբ նախագահներ Ջորջ Բուշը եւ Վլադիմիր Պուտինը որոշեցին շատ սերտ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում, Հոգլանդին հանձնարարվեց կազմակերպել պարբերական ռուս֊-ամերկյան խորհրդակցությունները, իսկ մեկ տարի անց նրա գլխավորած խումբը ներառվեց ԱՄՆ - Ռուսաստան հակաահաբեկչական աշխատանքային խմբի կազմում:

Հոգլանդը որպես խոսնակ է աշխատել Ռուսաստանում ԱՄՆ-֊ի դեսպանատանը, տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ուզբեկստանի եւ Պակիստանի ամերիկյան դեսպանատներում:

Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը պետք է հաստատվի Սենատում: Որոշ տվյալներով, նա Երեւան է ժամանելու օգոստոսին:

Հայաստանում Հոգլանդը փոխարինելու է Ջոն Էվանսին, որը, ամերիկահայ մամուլի պնդմամբ, այլեւս չի աշխատելու պետդեպարտամենտում: Անցած տարի Էվանսը ցեղասպանություն անվանեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի հետ կատարվածը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG