Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ից դուրս եկած պատգամավորները գործելու են իշխանության դաշտում


Կոալիցիայի կազմից դուրս եկած «Օրինաց երկիր» կուսակցությունից ու պատգամավորական խմբակցությունից հեռացած պատգամավորների ստեղծելիք նոր խորհրդարանական խումբը «գործելու է իշխանության դաշտում»:

Ստեղծվելիք այդ խումբը, որ կարող է խորհրդարանական նոր մեծամասնության ձեւավորման գործոն դառնալ, «Օրինաց երկիր»-ից հեռացած պատգամավորներից Մեխակ Մխիթարյանի խոսքերով՝ «միանշանակ գործելու է իշխանության դաշտում»:

«Որովհետեւ մենք ինչ սկզբունքով որ անդամակցել էինք, կոալիցիայի մաս էինք կազմել, հիմա դուրս եկած պատգամավորներով մնալու ենք այդ նույն գաղափարախոսությանը հավատարիմ», - «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը ասաց Մխիթարյանը՝ հավելելով, որ ստեղծվելիք խումբը մաս կկազմի խորհրդարանական մեծամասնությանը:

Նա չբացառեց նաեւ, որ նոր ձեւավորվելիք խմբին Ազգային ժողովում առաջարկվեն ղեկավար պաշտոններ:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը երկուշաբթի օրը հայտարարել էր իր հրաժարականի մասին եւ, ամենայն հավանականությամբ, ուրբաթ օրը պաշտոնապես վայր կդնի իր լիազորությունները:

Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ հաստատեց, որ խորհրդարանի նոր խոսնակի պաշտոնում կուսակցությունը կառաջադրի Տիգրան Թորոսյանի թեկնածությունը:

«Թեկնածուն [Ազգային ժողովի նախագահի], եթե Հանրապետականը առաջարկի, կարծում եմ, կառաջարկի Տիգրան Թորոսյանին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սահակյանը: - «Ազգային ժողովի նախագահը հանձինս Տիգրան Թորոսյանի կունենա քաղաքական գործիչ, որը բավականաչափ կենսափորձ ունի նաեւ միջազգային կառույցների հետ աշխատանքի»:

Իսկ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը (Տիգրան Թորոսյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում), ամենայն հավանականությամբ, կտրվի Միավորված աշխատանքային կուսակցություն (ՄԱԿ) խմբակցությանը, որը արդեն ներկայացված է գործադիր իշխանությունում:


Ռուզան Խաչատրյան եւ Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG