Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ազգային ժողովի ՄԱԿ (Միավորված աշխատանքային կուսակցություն) խմբակցությունը երկար չեմուչում անելուց հետո, ի վերջո, համաձայնեց պաշտոններ վերցնել», - մատուցում է «168 ժամ»-ը: - «Եվ որքան էլ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հայտարարի, թե ՄԱԿ-ը կոալիցիայի մաս չի կազմում, այնուամենայնիվ՝ այդպես չէ, որովհետեւ պարզից էլ պարզ է, որ իշխանությունները ՄԱԿ-ին իր սիրուն աչքերի համար չեն պաշտոններ տվել»:

«Ժողպատգամավոր» խումբը, ըստ «Հայկական ժամանակ»-ի, կարծես վերջնականապես որոշել է հրաժարվել իրենց առաջարկվող բոլոր այն պաշտոններից, որոնք ՕԵԿ-ից հետո թափուր էին մնացել. - «Սակայն այդ պաշտոնները անտեր չեն մնալու։ Իշխանություններին հաջողվել է ընդամենը մի քանի ժամում նոր ուզող գտնել, եւ այն քաղաքական ուժը, որը պատրաստ է վերցնել այն ամենը, ինչը մնացել է անտեր, եւ ինչը որեւէ մեկը չի ուզում վերցնել, դա Միավորված աշխատանքային կուսակցությունն է»: «Իշխող կոալիցիայի դե ֆակտո մեծամասնությունը պահպանելու խնդիր կա, եւ Արսենյան Գուրգենը գալիս է կոալիցիան փրկելու», - ընդգծում է թերթը:

«Դեռ 5 ամիս առաջ Քոչարյանը, կանխատեսելով կոալիցիայի փլուզումը, մատ թափ տվեց ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկիր»-ի վրա՝ սպառնալով, որ մինչեւ 2007-ը ոչ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ կարող է լքել կոալիցիան ու ժամանակից շուտ ընտրարշավ սկսել», - հիշեցնում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ կապակցելով. - «Եթե ՕԵԿ-ի դուրս գալը կոալիցիայից դիտարկենք հենց այդ համատեքստում, ուրեմն պետք է նաեւ արձանագրենք, որ ՕԵԿ-ի եւ նրա նախագահի՝ Արթուր Բաղդասարյանի դեպքում «ականջ քաշելու» սպառնալիքը էֆեկտ չտվեց»:

«Խոսնակը հեռացավ ԲՇՏ-ի (բնակշահագործման տեղամաս) պետի պես», - որակում է «Գոլոս Արմենիի»-ին՝ ամփոփելով. - «Հրաժարական են տալիս փորձին, ինտելեկտին եւ քաղաքական մշակույթի պատկերացումներին համահունչ: Բաղդասարյանը հեռացավ բազարային մթնոլորտում՝ խոստանալով, որ ապագայում հանդես կգա իշխանությունների հանցագործ արարքների անվանական բացահայտումներով»:

«Իրավունք»-ը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ, գրում է. - ««Օրինաց երկիր» խմբակցությունից դուրս եկած ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը արդեն գտել է իր տեղը քաղաքական արեւի տակ: Նա անդամագրվել է գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այդ կուսակցությունում է պատգամավորական իր ապագա մանդատը նաեւ որոնում Գյումրիից ընտրված, դեռեւս հանրապետական կուսակցության անդամ Մարտին Սուքիասյանը»:

«Օրինաց երկիր»-ից դուրս եկած գործարար պատգամավոր Գրիգոր Մարգարյանը «Առավոտ»-ի հարցազրույցում դժգոհում է. - «Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ գործարարները ո՛չ իրենց անձնական կարծիքն ունեն, ո՛չ խելք ունեն: Փաստորեն, այդ տպավորությո՞ւնն է ձեզ մոտ ստեղծվել, ես չեմ հասկանում, բա ամո՞թ չի»: «Բայց երբ ժամանակին դուք մտաք ՕԵԿ խմբակցություն, կիսո՞ւմ էիք այդ կուսակցության գաղափարախոսությունը, ծանո՞թ էիք նրա ծրագրերին» հարցին Մարգարյանը պատասխանում է. - «Գաղափարախոսությունը կիսել եմ, այո»: Հաջորդ հարցին՝ ուրեմն ի՞նչ պատահեց, ՕԵԿ-ն իր գաղափարախոսությունը կարծես չի փոխել, պատգամավորը պատասխանում է. - «Գաղափարախոսությունը չի փոխել, քաղաքական դաշտն է փոխել»:

«ՕԵԿ-ին կոալիցիայից դուրս մղելու «քավորը» հենց ՀՅԴ-ն է եղել», - մատնանշում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Եվ հենց նրանք էին ամիսներ շարունակ «տակից» բզբզում ու խորացնում ՕԵԿ – ՀՀԿ առճակատումը: Նպատակն էլ շատ տրիվիալ էր. որպեսզի տիրանան ՕԵԿ-ի ունեցվածքին (նախարարական պաշտոնների եւ այլ պաշտոնների մասին է խոսքը): Ի վերջո, «օպերացիան» հաջողվեց, եւ ՀՅԴ-ն նորանոր պաշտոններ ստացավ: Իսկ ՀՀԿ-ն երեւի դեռ կփոշմանի, որ «կիսաեզրափակիչում» նպաստել էր ոչ թե ՕԵԿ-ի, այլ ՀՅԴ-ի հաղթանակին, եւ հիմա ՀՀԿ-ն «ֆինալ»- է մտել ՀՅԴ-ի հետ»:

«Այսօր, երբ մեր պատգամավորները մեկը մեկից առաջ ընկնելով ասուլիսներ են տալիս եւ խոսում են անասնագողության ու առնետավազքի մասին, չեն հիշում, որ Սահմանադրության բարեփոխումների ժամանակ առանձնապես չջանացին այնտեղ ամրագրել այնպիսի դրույթ, որն օրենքով, իրավականորեն կկանխեր այս իրավիճակը», - գրում է «Ազգ»-ը՝ նշելով. - «Այդ դրույթը պետք է վերաբերեր նրան, որ համամասնական ցուցակով ընտրված պատգամավորը չպետք է խորհրդարան մտնելուց հետո իրավունք ունենա լքելու կուսակցությունը, հակառակ դեպքում պետք է վայր դնի մանդատը: Այլապես առհասարակ խախտվում է համամասնական ցուցակներով խորհրդարան գալու տրամաբանությունը... Արդյունքում խորհրդարանական վերաձեւավորումները հակասում են ընտրությունների գաղափարին, չեն արտացոլում Հայաստանի քաղաքական կյանքի պատկերը, չեն համապատասխանում ընտրողների պատկերացումներին եւ նույնական են «նշանակովի խորհրդարան» բնորոշմանը»:

Խորհրդարանը լուծարելու հնարավորությունների ծիրում «Հայոց աշխարհ»-ը ներկայացնում է Տիգրան Թորոսյանի տեսակետը. - «Խորհրդարանի լուծարման, ճգնաժամի հետ կապված Սահմանադրությունը հստակ սահմանումներ տվել է, թե ինչ հիմքով դա պիտի արվի: Բայց նման իրավիճակ մեր խորհրդարանում այսօր բացարձակապես չկա: Մնացյալն ուղղակի թատերականացված ներկայացում էր, ուրիշ ոչինչ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG