Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 20-ը մայիսի)

«Երկուշաբթի մեկնարկող Ազգային ժողովի հերթական քառօրյայում ԱԺ֊-ի ամբիոնից պաշտոնապես կհնչի Արթուր Բաղդասարյանի հրաժարականը, իսկ աշխատանքային ողջ շաբաթվա ընթացքում խորհրդարանական ուժերը ոչ պաշտոնական բանակցություններ էին վարում պորտֆելների համար, որոնք ազատվել էին «Օրինաց երկիր»-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո», - արձանագրում է «Գոլոս Արմենիի» թերթը եւ նախանշում. - «Ամենայն հավանականությամբ, գործարար պատգամավորները պաշտոնապես կհայտարարեն «Օրինաց երկիր» խմբակցությունից դուրս գալու եւ պատգամավորական նոր խումբ ստեղծելու մասին»:

«Հայկական Ժամանակ»-ը՝ հիշեցնելով, որ Գեղամ Մանուկյանն այս օրերին բոլորին հայտարարում էր, թե բացառվում է՝ ինքը գա խորհրդարան եւ չի ուզում թողնել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, մեջբերում է Վահան Հովհաննիսյանի պատասխանը. - «Եթե որոշվի, որ Գեղամ Մանուկյանը պետք է դառնա լողի չեմպիոն, նա կդառնա լողի չեմպիոն»

«Մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանին նույնպես չօգնեց իրեն առաջադրած ՕԵԿ-ից հրաժարվելը», - մատուցում է «Առավոտ»-ը: Ըստ թերթի ունեցած հավաստի լուրերի, այդ պաշտոնը խոստացվել է ՄԱԿ կուսակցությանը:

«Ազգ»-ը՝ ներկայացնելով Հայաստանի նախագահի հրամանագրով կատարված մի շարք կադրային փոփոխություններ, գրում է. - «Հանրապետությունում փոխատեղումները, պաշտոնանկություններն ու նոր նշանակումներն այնքան արագ են տեղի ունենում, որ դժվար է անգամ մտապահել, թե ով որտեղ է հայտնվում»:

«Մեր իրականության մեջ ամենադժվար ճարվող առարկան միշտ էլ եղել է «Որ կողմ վազել» սլաքով կողմնացույցը։ Որովհետեւ մեզանում ստվերում մնալ կարողանալը քիչ է. պետք է նաեւ իմանալ, թե հատկապես ում ստվերում», - գրում է «Հայոց աշխարհ»-ը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Ժողպատգամավոր» խմբի անդամ Հակոբ Հակոբյանն ասում է, որ պաշտոններ ստանձնելու հարցում խումբը վերջնական որոշում դեռ չի կայացրել: «Բայց իմ անձնական կարծիքն այն է, որ մենք չպետք է վերցնենք փոխխոսնակի, հանձնաժողովների նախագահների եւ փոխմարզպետների տեղերը։ Մինչեւ հաջորդ ընտրություն շատ քիչ ժամանակ է մնացել, եւ եթե մենք այդ պաշտոնները վերցնում ենք, ժողովրդին պետք է կարողանանք ցույց տալ, թե ինչքանո՞վ ենք կարողացել մեր ստանձնած պատասխանատվությունը կատարել։ Սակայն նման կարճ ժամանակում մենք պարզապես չենք հասցնի ժողովրդին ներկայացնել մեր կատարած աշխատանքը։ Իսկ եթե ձեւական ենք վերցնելու, եւ հասարակությունը տեղյակ չի լինելու մեր աշխատանքից, ես դա անընդունելի եմ համարում։ Ավելին, այդ ժամանակ մենք ստիպված կլինենք նաեւ մեզ վրա վերցնել նախկինների արածների պատասխանատվությունը, ինչը ազնիվ չի լինի», - նշում է պատգամավորը:

Նույն թերթում Հակոբ Հակոբյանը՝ պնդելով, թե ԱԺ֊ նախագահի պաշտոնում անպայման առաջադրելու է Գալուստ Սահակյանի թեկնածությունը, ասում է. - «Գալուստ Սահակյանը մի գործիչ է, որը բացարձակ ամբիցիաներ չունի, որը բավականին հավասարակշռված է, եւ այս տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ ինչքան խորհրդարանում լարված մթնոլորտ է ստեղծվել, այդ մթնոլորտը կարողացել է հանդարտեցնել միայն Գալուստ Սահակյանը: Ու ես վստահ եմ, որ Գալուստը հրաշալի ԱԺ֊ նախագահ կլինի։ Ինչ վերաբերում է Տիգրան Թորոսյանին, ապա նրա աշխատանքը փոխխոսնակի պաշտոնում մենք տեսել ենք, ու ես կարծում եմ, որ դա նրա հնարավորությունների առավելագույնն է»։

«168 ժամ»-ը՝ արձագանքելով «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե ընդամենը աջակցում է «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությանը, հարցնում է. - «Ինչպե՞ս է դրսեւորվելու ձեր կողմից կուսակցության աջակցությունը՝ ֆինանսակա՞ն»: Պատգամավորը պատասխանում է. - «Իմ ֆինանսական հնարավորությունները շատ համեստ են, գուցե շատ ավելի համեստ, քան շատերինը: Ոչ ոք փողի տոպրակ չէ: Եվ ես չեմ պատրաստվում ֆինանսական լուրջ ներդրումներ անել քաղաքական դաշտում. սա բիզնես չէ, քաղաքականություն է: Իմ աջակցությունը կուսակցությանը ավելի շատ լինելու է մարդկային ռեսուրսների տեսքով»:

«Օրինաց երկիր»-ից հեռացած պատգամավոր Մեխակ Մխիթարյանը «Հայոց աշխարհ»-ում ասում է. - «Կարող եմ առանց ամաչելու ասել, որ գործողություններս եղել են ազնիվ, ես պարզ ասել եմ՝ չեմ ուզում ընդդիմության մեջ լինել, այդ գործելակերպը իմ մարդկային տեսակին, ապրած կյանքին համապատասխան չէ։ Դա էլ իմ իրավունքն է եւ վերջ»:

Ընդդիմություն դառնալու՝ «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարության առնչությամբ «168 ժամ»-ը ներկայացնում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի արձագանքը. - «Թող մի հատ մտնի ընդդիմադիր դաշտ, օդանավակայանում գրպանները ստուգեն, «Ալֆան» պառկացնի գետին, կրակեն իրենց վրա, եթեր ուզի՝ չտան, մեր նման թող ասի՝ օր առաջ թող Քոչարյանը հեռանա պաշտոնից, նոր այն ժամանակ կհասկանանք, որ ընդդիմություն է»:

Նույն թերթում Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նշում է. - «Ընդդիմությունը «փակ սենյակ չէ», որ պետք է դուռ բացի, որպեսզի ինչ-որ մեկը մտնի: Եթե քաղաքական կուսակցությունը հայտարարում է, որ դառնում է ընդդիմություն, այն արդեն պետք է իր գործելաոճով, իր սկզբունքային դիրքորոշմամբ հասարակությանը ապացուցի, որ իսկապես իր հայտարարությունները դատարկ խոսքեր չեն, եւ իրենք գործում են ընդդիմադիր դաշտում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG