Մատչելիության հղումներ

logo-print

Արթուր Բաղդասարյան. «Վարկաբեկման կազմակերպված արշավ է իրականացվել «Օրինաց երկիր»-ի դեմ»


«Վերջին շրջանում բավական կազմակերպված վարկաբեկման քարոզարշավ է իրականացվում ե'ւ իմ անձի դեմ, ե'ւ «Օրինաց երկիր»-ի դեմ», - «Ազատություն» ռադիոկայանին շաբաթ օրը տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, որն այսօր խորհրդարանում հայտարարել է իր հրաժարականի մասին: - «Մի շարք խնդիրների շուրջ բավական լուրջ տարաձայնություններ են ձեւավորվել, եւ մենք որոշեցինք դուրս գալ կոալիցիայից»:

Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ «Օրինաց երկիր»-ից դուրս եկած գործարար պատգամավորների վրա «ճնշումներ եղել են թե' նախագահականից, թե' այլ տեղերից»:

«Մենք ընդդիմություն ենք եւ քննադատելու ենք թե' Սերժ Սարգսյանին, թե' Ռոբերտ Քոչարյանին, թե' բոլոր նրանց, ում գործունեությունը մեզ համար ընդունելի չի լինի», - ասաց խորհրդարանի ղեկավարը:

«Վերջին օրերին 1800 մարդ է անդամագրվել «Օրինաց երկիր»-ին: Կուսակցությունից դուրս է եկել ընդամենը 15-20 մարդ, եւ ես դա համարում եմ Աստծո նվերը», - կարծիք հայտնեց Արթուր Բաղդասարյանը:

«Եթե այսօր Հայաստանում ոչ մի դպրոց, ոչ մի մանկապարտեզ չի վաճառվել, դա մենք ենք արել: Գրադարանները ու գիտական հիմնարկները չեն կարող վաճառվել՝ մենք դա արգելել ենք», - ավելացրեց նա:

Խոսելով Հայաստանում կատարվող անօրինականությունների մասին, Արթուր Բաղդասարյանը օրինակ բերեց հետեւյալ փաստը. - «Կարապի լճի մոտի 4000 քառակուսի մետր տարածքով շենքը վաճառել են 20-30 հազար դոլարով, երբ դրա գինը մի քանի միլիոն դոլար է»:

Անդրադառնալով Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին, խորհրդարանի խոսնակն ասաց. - «2050 թվականին Հայաստանում կմնա 500 հազար մարդ: Մենք պետք է մշակենք բնական աճը խթանելու ռազմավարություն»:

Պատասխանելով ընդդիմության ճամբարից իր հասցեին հնչող քննադատությանը, Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2003 թվականի նախագահական ընտրություններում ինքը եւ իր կուսակցությունը բացեիբաց պաշտպանեցին Ռոբերտ Քոչարյանին, մինչդեռ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը երկրորդ փուլում չսատարեց ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանին, որին սատարելու դեպքում Հայաստանում կստեղծվեր բոլորովին նոր քաղաքական իրավիճակ:

«Թե ում կողմից որքան գումարներ էր վերցրել՝ մի քանի հարյուր հազար դոլար չպաշտպանելու համար ընդդիմադիր թեկնածուին, որը պատկառելի թվով ձայներ էր ստացել, ես դա թողնում եմ նրա խղճին: Պատգամավորներից մեկը նրան հարց է տվել, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ ձեր խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանը այսօր կատարում է պաշտպանության նախարարության պատվերները: Արդյո՞ք առանց առաջին դեմքերի հետ լուրջ կապերի հնարավոր է նման բան: Արտաշես Գեղամյանը խոսում է Սերժ Սարգսյանի դեմ, իսկ նրա խմբակցության անդամը ապրանք է մատակարարում պաշտպանության նախարարությանը», - ասաց Արթուր Բաղդասարյանը:


Աննա Իսրայելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG