Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է հրաժարականի մասին դիմումը


Այսօր Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Այդ մասին խորհրդարանի նիստում հայտարարեց փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը:

«Ցանկանում եմ երեք տարվա համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել բոլոր 131 պատգամավորներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից եւ վերջին օրերին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների կապակցությամբ արտահայտած վերաբերմունքից ու դիրքորոշումներից», - իր ելույթում նշեց Արթուր Բաղդասարյանը:

«Այո, մենք գտնում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները պետք է ավելի վճռական առաջ մղվեն, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի, կլանային տնտեսության դեմ պայքարը պիտի հռչակվի քաղաքական առաջնահերթություն», - հայտարարեց Բաղդասարյանը եւ ավելացրեց. - «Մենք գտնում ենք, որ ժողովրդավարութունը եւ ազատությունը, եւ ոչ թե վախի հասարակությունը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքական ապագան»:

Ազգային Ժողովի կանոնակարգի համաձայն, դիմումը ներկայացնելուց 5 օր անց սկսվելու է Ազգային Ժողովի նոր նախագահի ընտրության գործընթացը:

Արթուր Բաղդասարյանից բացի, հրաժարականի դիմում են ներկայացրել Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի եւ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ,«Օրինաց երկիր»-ի անդամներ Մհեր Շահգելդյանը եւ Գագիկ Մխեյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG