Մատչելիության հղումներ

Դաշնակցության թափուր պատգամավորական տեղը զբաղեցնելու է Գեղամ Մանուկյանը


Դաշնակցության Գերագույն մարմնի՝ շաբաթ օրը կայացած նիստում հաստատվել է, որ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Մկրտչյանի փոխարեն խմբակցությունում թափուր տեղը բաժին է հասնելու է Դաշնակցության համամասնական ցուցակում 17-րդ տեղը զբաղեցնող, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանին:

«Շատ ավելի հաճելի էր շարունակել գործունեությունը հեռուստաընկերությունում, բայց որպես կուսակցության անդամ պարտավոր եմ ենթարկվել իմ ընկերների որոշմանը եւ փորձել ամեն կերպ կատարել իմ աշխատանքը: Գերագույն մարմնի որոշումներին ես կենթարկվեմ միշտ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Գեղամ Մանուկյանը:

Հարցին, թե արդո՞ք թողնելու է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում վճարովի պաշտոնը, Մանուկյանը պատասխանեց. - «Պաշտոնը, բնականաբար, թողնելու եմ, բայց երբեք չեմ դադարելու լինել «Երկիր Մեդիա»-ում եւ զբաղվել ստեղծագործական աշխատանքով»:

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Լեւոն Մկրտչյանին նախարար նշանակելուց հետո թափուր մնացած Դաշնակցության խմբակցությունը ղեկավարելու է Հրայր Կարապետյանը, իսկ խմբակցության քարտուղարի թեկնածությունը ավելի ուշ կքննարկեն:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրելուն, ըստ Ռուստամյանի՝ «Դաշնակցությունը հարգելու է պայմանավորվածությունները եւ պաշտպանելու է Հանրապետականի առաջադրած թեկնածուին»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG