Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցություններում միջազգային միջնորդները` Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները հերթական այցով տարածաշրջան կժամանեն մայիսի վերջին:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, խոսելով երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումների մասին ասաց. - «Ընդհանուր առմամբ ես նորմալ եմ գնահատում… Հանդիպման ընթացքում փորձ էր արվում նախապատրաստել համանախագահների ավելի բարձր մակարդակով այցը, որը տեղի կունենա երեւի մայիսի 25-26-ին»:

«Վատ հանդիպում չէր», - շարունակեց նախարարը: - «Բայց համենայն դեպս, կան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ դեռեւս համաձայնություններ չկան»:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված առաջիկա այցի ավելի բարձր մակարդակը` տարածաշրջան են գալու Ռուսաստանի ու Ֆրանսիայի փոխարտգործնախարարները, իսկ Միացյալ Նահանգներից` պետքարտուղարի տեղակալ Դենիել ֆրիդը, Օսկանյանը ասաց. - «Համանախագահների գնահատականով, Ռամբույեից հետո նոր մոմենտում է ստեղծվել, եւ [համանախագահները] գտնում են, որ բարձրացնելով մակարդակը առավել ուշադրություն կարող են հրավիրել եւ փորձ անել այցի ժամանակ այնպիսի իրավիճակ ստեղծել այն առումով, որ կողմերը համոզվեն, որ արժե նախագահների հանդիպման գնալ, եւ այն, ինչ այսօր կա սեղանի վրա, արդեն նախագահների մակարդակով քննարկել: Ես կարծում եմ, որ դա է հիմնական պատճառը»:

Վարդան Օսկանյանը այսօր Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրախորհրդի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նստաշրջանում:

«Իմ ելույթում փորձել եմ ցույց տալ, որ հնարավոր է կոմպրոմիսային տարբերակով հարցը լուծել միայն ու միայն [այն դեպքում], եթե կողմերը իրենք համոզված լինեն, որ այս խնդիր չունի ռազմական լուծում… Այստեղ ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանին` հաշվի առնելով նրանց վերջին հայտարարությունները նավթային դոլարների օգտագործմամբ բանակի հզորացման եւ այդ ճանապարհով հարցի` իրենց տեսակետով լուծման [վերաբերյալ]», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարը:

Օսկանյանը իր ելույթում անդրադարձել է նաեւ Թուրքիայի կողմից պետական մակարդակով Հայոց Ցեղասպանության ժխտման քաղաքականությանը: Նրա խոսքերով, Թուրքիան մեծ պայքար էր ծավալել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնել առաջարկող օրինագծի դեմ, որի քվեարկությունը երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովը հետաձգեց:

«Նրանք [թուրքերը] համարում են, որ Ֆրանսիայում նման օրենքի անցկացումը, որով պատժելի է դառնում Ցեղասպանության ժխտումը, մարդու իրավունքների խախտում է, խոսքի ազատության սահմանափակում», - ասաց Օսկանյանը: - «Ես նախարարների ուշադրությունը հրավիրեցի այդ իրոնիայի վրա, որ Թուրքիան նման հիմնավորումներով է պայքարում, մինչդեռ, իր երկրի ներսում քրեականորեն պատժելի են բոլոր այն հայտարարությունները, որտեղ ցեղասպանություն բառն է նշվում կամ որեւէ կերպ ճանաչում է տրվում 1915-ի դեպքերին` որպես ցեղասպանություն»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG