Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարությունը դժգոհ է, որ Ցեղասպանությանը վերաբերող օրինագիծը չի հանվել Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգից


Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դժգոհություն է արտահայտել այն կապակցությամբ, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը սոսկ հետաձգել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրինագծի քվեարկությունը:

Երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը, սակայն դրա քվեարկությունը անորոշ ժամանակով հետաձգվել է:

Պաշտոնական Անկարան մի կողմից գոհ է, որ օրենքը չհաստատվեց, մյուս կողմից, խիստ դժգոհ է` պահանջելով ընդհանրապես հանել հարցը Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգից: Այսօր հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունը նշում է, թե ակնկալում է, որ Ֆրանսիայի խորհրդարանը ոչ միայն հրաժարվի օրինագծի քվեարկությունից, այլեւ պաշտպանի 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի առաջարկը:

Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատեճյանի փոխանցմամբ, թուրքական մամուլում նույնպես Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը երկակի է մեկնաբանվում. - «Զգացումները խառնակ են, բայց անշուշտ` ավելի դրական են` ուրախության շեշտը ավելի զորավոր է, քան թե հուսախաբության: Ամեն պարագայի, բազմաթիվ թերթերի համաձայն, այս արդյունքը դիտվում է Թուրքիայի դիվանագիտության հաղթանակ»:

«Ի վերջո այս օրինագիծը, եթե ոչ այսօր, ապա վաղը դարձյալ օրակարգի պիտի գա, եւ միշտ պիտի շարունակի գլխացավ դառնալ թուրք դիվանագիտության եւ քաղաքականության համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հատեճյանը:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG