Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «168 ժամ»-ի՝ Արթուր Բաղդասարյանը Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու պես բանակցություններ է սկսել ԱԺ ընդդիմության հետ եւ նրանց համոզում է վայր դնել պատգամավորական մանդատները:

«Սա Արթուր Բաղդասարյանի միակ հնարավորությունն է ընդդիմադիր դաշտում տեղ ունենալու համար», - գրում է թերթը: - «Իրականում Բաղդասարյանի ակցիայի նպատակն ընդդիմությանն ու ժողովրդին ապացուցելն է, թե հենց ինքն է այն խարիզմատիկ լիդերը, որին երկար ժամանակ ընդդիմությունը չի կարողանում գտնել: Բայց Բաղդասարյանը հասկացել է, որ դրա համար միայն «աթոռից» հրաժարվելը քիչ է, եւ պետք է մեկ քայլ եւս, որն իրեն հնարավորություն կտա ընդդիմադիր դաշտում առաջինը լինել: Իսկ մանդատից հրաժարվելն ՕԵԿ-ում համարում են ռեկորդային, քանի որ գործող ընդդիմությունը 3 տարի շարունակ սպառնում է այն անել, բայց այդպես էլ իր մեջ այդքան համարձակություն չի գտնում»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Առավոտ»-ի հարցազրույցում պնդում է. - «Հայաստանում լինելու են ֆորս-մաժոր պայմաններ, եւ նախագահական ընտրությունները լինելու են արտահերթ ու խորհրդարանական ընտրություններից առաջ»: Թղթակցի հարցին էլ, թե Արթուր Բաղդասարյանի ընդդիմություն դառնալով ընդդիմության լիդերների տեղը չի՞ նեղանում, Արամ Սարգսյանը պատասխանում է. - «Բացարձակապես այդպես չէ: Ընդդիմության դաշտում տեղը շատ-շատ է եւ ցանկացած կուսակցություն, որը լրացնում է ընդդիմադիր դաշտը, առաջին հերթին ապացուցում է մի բան, որ իշխանական դաշտում ամեն ինչ կարգին չէ, եւ այդ դաշտում կա ճգնաժամ: Եվ այդ ճգնաժամը հաղթահարելու համար ինչքան շատ ուժեր դառնան ընդդիմադիր, այնքան ավելի լավ:
«Հանրապետություն» կուսակցությունը հստակ հայտարարեց, որ այս երկրում խնդրի լուծման միակ ճանապարհը հեղափոխականն է: Արթուր Բաղդասարյանը փորձեց ապացուցել, որ գոյություն ունի խնդրի լուծման էվոլյուցիոն ճանապարհ: Եվ ահա արդյունքը: Կարծում եմ, հիմա ինքն էլ համոզվեց, որ էվոլյուցիոն ճանապարհ գոյություն չունի, եւ միակ ճանապարհը հեղափոխականն է», - «Առավոտ»-ում մատնանշում է Արամ Սարգսյանը:

«Հայոց Աշխարհ»-ում էլ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ուրվագծում է. - «ՕԵԿ-ը պետք է գործի միանգամայն նոր պայմաններում։ Ընդդիմադիր դարձած նախկին իշխանավորները շատ են։ Հետխորհրդային Վրաստանում աբիժնիկների թիվը հասնում է հազարների, Ուկրաինայում՝ տասնյակ հազարների, Հայաստանում՝ գուցե հարյուրների, բայց ամեն մեկը չի կարող Սահակաշվիլի եւ Յուշչենկո դառնալ։ Եվ ամեն նյութից չէ, որ կարելի է հեղափոխություն սարքել»։ «Խնդիրը ոչ թե անհատներն են, ավելի ճիշտ՝ ոչ այնքան անհատներն են, որքան իրավիճակը։ Հայաստանում այդպիսի իրավիճակ չկա», - գնահատում է քաղաքագետը:

«Գուցե «խորտակվող նավը» ոչ թե ՕԵԿ-ն է, այլ Քոչարյանի ղեկավարած քաղաքական կոալիցիա՞ն: Եվ այդ դեպքում ստացվում է, որ հենց ՕԵԿ-ն է լքել խորտակվող նավը»: Այսպիսի տարբերակ է առաջ քաշում «168 ժամ»-ի մեկնաբանը եւ հավելում. - «Արթուր Բաղդասարյանը շատ լավ հասկացել է սա: Եվ ճիշտ ժամանակին է հասկացել: Ի՞նչ կարիք կա կանգնել մեկի կողքին, ում ցանկացած քայլ ծանր հետեւանքներ է ունենալու: Այնպես որ՝ դեռ հարց է, թե այս դեպքում որն է նավը, եւ ով՝ նավն առաջինը լքողը»:
«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը՝ պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, թե ինչպիսի դիրքորոշում է ունենալու կուսակցությունը Ազգային Ժողովի նախագահի ընտրությունների ժամանակ, ասում է. - «Պարոն Քոչարյանը մեզ համար ոչ Ստանիսլավսկի է, ոչ էլ Նեմիրովիչ-Դանչենկո, անգամ իսկ ոչ էլ Վահե Շահվերդյան է, որ մենք իր բեմականացրած ներկայացմանը մասնակցենք: Որպես հանդիսատես՝ մենք կտանք մեր գնահատականն այդ տրագիկոմեդիայի դերակատարներին եւ սցենարիստներին»:

«Հայրենի քաղաքական էլիտան գրգռվածության հոգեվիճակում է։ Մի կողմից՝ տարին նախընտրական է. ուրեմն ո՞նց չգրգռվես։ Մյուս կողմից՝ կոալիցիայից «Օրինաց երկրի» դուրս գալուց հետո գործադիր իշխանության մեջ այնքան թափուր տեղեր առաջացան, որ շունչդ կտրվում է։ Երանելի ժամանակներ էլիտայի համար», - բնորոշում է «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը` գնահատելով. - «Հայաստանը կորցրել է իր էլիտային։ Այն, ինչ ներկայումս ունենք, ընդամենը սուռոգատ է, անճոռնի նմանակ, կեղծ էլիտա։ Այդ ամենը դեռ կարելի էր հանդուրժել, բայց նա հասարակության վզին է փաթաթում կյանքի արժեքների մասին իր պատկերացումները»։ «Դրա համար էլ մեզանում ամեն ինչ այդչափ անբնական է. հավատում ենք երեսպաշտներին, պաշտպանում խաբեբաներին, ընդօրինակում ողորմելի ոչնչությանը», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը։

«Խորհրդարանում ընդգրկված իշխանամետ քաղաքական կազմակերպությունների համար բառացիորեն ոսկյա ժամանակներ են սկսվում: Ընտրություններից մեկ տարի առաջ հայ գործարարների հսկա մի խումբ քսակը ձեռքին քաղաքական բորսայում նոր ապահովագրական պոլիս է փնտրում», - գրում է «168 ժամ»-ը:

«Հայկական ժամանակ»-ը, գրելով, թե Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը տարածքային կառավարման նախարարությունում պաշտոն կստանա «Օրինաց երկիր» կուսակցությունից դուրս գալու դիմում գրելու դիմաց, ներկայացնում է նրա անցած ուղին. - «Բարսեղյան Ստեփանը կոմունիստների իշխանության տարիներին եղել է անվեհեր կոմսոմոլ ու Վարդենիսի տարածաշրջանում զբաղեցրել է կոմսոմոլի հետ կապված բոլոր հնարավոր պաշտոնները»։ «Իսկ երբ վրա է հասել ՀՀՇ-ի տիրապետությունը, Ստեփան Բարսեղյանը, ինչքան որ գոյատեւել է ՀՀՇ-ն, հասցրել է ՀՀՇ-ականի իր ավյունով ծառայել արդեն նրանց։ Հետո ՀՀՇ-ին «քցում» եւ անդամակցում է «Երկրապահ» պատգամավորական խմբին։ Իսկ երբ այդ խմբից առնետավազք կազմակերպվեց դեպի «Օրինաց երկիր», նա առնետների հոսքի առաջին էշելոնում էր», - գրում է թերթը։

«Հայոց Աշխարհ»-ի գնահատմամբ` «Ռադիկ Մարտիրոսյանի ընտրությունը՝ հենց առաջին փուլում դարձավ գործող ակադեմիկոսների ինքնապահպանման սուր բնազդի հերթական վկայությունը». - «Ակադեմիայի նախագահի ընտրությունը ոչ միայն չի հաղթահարում հայրենի գիտությանը համակած հիրավի համակարգային ճգնաժամը, այլեւ դառնում է նրա նոր՝ էլ ավելի հստակ վկայությունը։ Իսկ նման շարունակական տեղապտույտը, որպես ինքնապահպանման բնազդի դրսեւորում, ուրվագծում է սոսկ հայրենի գիտության կործանման ճանապարհը»։

«Հայկական ժամանակ»-ը, իր հերթին, ընդգծում է. - «Ակադեմիան ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ մեռած կառույց, ոչ թե այն պատճառով, որ նախագահ է ընտրվել Ռադիկ Մարտիրոսյանը, այլ այն պատճառով, որ ընտրությունը տեղի է ունեցել անձերի եւ ոչ թե ակադեմիայի զարգացման հայեցակարգերի միջեւ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG