Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը


Այսօր Ֆրանսիայի խորհրդարանը քննարկելու է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանող օրինագիծը: Երեւանի ժամանակով կեսօրին Ֆրանսիայի Ազգային Ժողովին կից հրապարակում կհավաքվեն փարիզահայերը՝ խրախուսելու պատգամավորներին դրական քվե տալ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը պատժող օրինագծին:

Օրինագծի դրական արդյունքը ամենեւին երաշխավորված չէ, քանի որ եթե սոցիալիստական եւ կենտրոնամետ EDF կուսակցությունների պատգամավորները, ընդհանուր առմամբ, կողմ են օրինագծին, ապա նույնը չի կարելի ասել խորհրդարանում մեծամասնություն կազմող UMT կուսակցության մասին, որի վրա անձամբ ճնշում է գործադրել նախագահ Ժակ Շիրակը:

Եթե օրինագիծն ընդունվի, Հայոց ցեղասպանությունը հերքողներին սպասում է մինչեւ մեկ տարի ազատազրկում եւ 57 հազար դոլար տուգանք:

«Մենք աշխատանք ենք տարել ոտքի հանելու բոլոր նրանց, ովքեր Հայ դատի պաշտպան են, որ ներկա լինեն այսօրվա նիստին, եւ հաշվում ենք արդեն մոտ 40 քվե: Բայց կա մի այլ խնդիր՝ օրինագծի քննարկումն իսկ արգելելու հստակ կամք են դրսեւորում Ազգային Ժողովի նախագահությունը եւ հանրապետության նախագահը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի պատասխանատուներից Ժան Սիրափյանը:

Ֆրանսիայի Ազգային Ժողովի մոտակայքում այսօր տեղի կունենա նաեւ օրինագիծը մերժելու պահանջով թուրքական կազմակերպությունների նախաձեռնած ցույցը:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG