Մատչելիության հղումներ

Լեւոն Մկրտչյանը երրորդ անգամ նշանակվեց կրթության եւ գիտության նախարար


Չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանի Դաշնակցության խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը նախագահ Քոչարյանի հրամանագրով նշանակվել է կրթության եւ գիտության նախարար:

Այդ պաշտոնում նա կփոխարինի «Օրինաց երկիր»-ի նախկին անդամ Սերգո Երիցյանին, որը մի քանի օր առաջ դիմում էր գրել կուսակցությունից դուրս գալու մասին:

Այսպիսով, իշխող կոալիցիայի անդամ Դաշնակցությունը եւս մեկ նախարարական պորտֆել ստացավ, թեեւ 2003 թվականին ստորագրված հուշագրով կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը տրամադրվում էր «Օրինաց երկիր»֊-ին, որը մի քանի օր առաջ դուրս եկավ կոալիցիայից:

Մեկնաբանները փաստում են, որ աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ, երբ նույն մարդը երրորդ անգամ նշանակվեց կրթության եւ գիտության նախարար: 1998-֊99 թվականներին Լեւոն Մկրտչյանը զբաղեցրել է այդ պաշտոնը վարչապետ Արմեն Դարբինյանի կառավարությունում, իսկ 2001-2003 թվականներին՝ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունում:

Հինգշաբթի օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նախարարության անձնակազմին ներկայացնելով նորանշանակ նախարարին, փաստել է, որ «Լեւոն Մկրտչյանին ներկայացնելու առանձնապես հարկ չկա, քանի որ իբրեւ նախկին նախարար, նրան նախարարությունում գրեթե բոլորը ճանաչում են, ծանոթ են նրա աշխատաոճին, իսկ նախարարը քաջատեղյակ է բնագավառում իրագործվող քաղաքականությանն ու խնդիրներին»:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Անդրանիկ Մարգարյանը հայտնել է, որ «Սերգո Երիցյանին աշխատանքից ազատելը պայմանավորված էր քաղաքական դրդապատճառներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG