Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ինչու՞ Ռոբերտ Քոչարյանը, որը հրավիրվել է Փարիզ՝ ՆԱՏՕ֊-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու, այնուամենայնիվ որոշեց չգնալ այնտեղ: «Առավոտ»֊ի այս հարցին Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանում է այսպես. - «Ռուսաստանի կողմից բավականին լուրջ ճնշումներ կան Ռոբերտ Քոչարյանի վրա: Նկատի ունենալով ՆԱՏՕ-֊ի ինտենսիվ ընդլայնման ձգտումը եւ այն, որ ՆԱՏՕ-֊ի՝ վերջերս արած հայտարարության համաձայն, այդ կազմակերպությունը պատրաստվում է 2008 թվականին արտահերթ քննարկել Վրաստանի եւ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-֊ին անդամակցելու հարցը, Ռուսաստանը եւ Ռոբերտ Քոչարյանը մտավախություն ունեն, որ Փարիզում Եվրատլանտյան դաշինքի հետ ավելի սերտ համագործակցության առաջարկ կամ ակնարկներ կարող են արվել նաեւ Հայաստանին, ինչը Քոչարյանի եւ Ռուսաստանի սրտով չէ»:

«1999-ի խորհրդարանում «Օրինաց երկիր»-ն ընդդիմություն էր, եւ դուք այդ խմբակցության ամենաընդդիմադիր անդամներից մեկն էիք: Ի՞նչ է փոխվել, որ այսօր հայտարարում եք, թե չեք կարող լինել ընդդիմադիր», ֊- հարցնում է «Հայկական ժամանակ»-֊ը Սերգո Երիցյանին:
Նախկին նախարարը պատասխանում է. - «Այն ժամանակ մենք ձգտում էինք իշխանության, ինչը ցանկացած ընդդիմադիր ուժի ճանապարհն է: Եվ հիմա ի՞նչ է ստացվում. մենք մաս ենք կազմել այդ իշխանության, ու իշխանությունը հանձնում ենք, որ ինչ-որ ժամանակ անց նորի՞ց գանք իշխանություն: Այդ մոտեցումն ինձ համար ընդունելի չէ: Ինձ համար նաեւ զարմանալի է, որ այսօր որոշակի իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածվում իմ քաղաքական անցյալի հետ կապված: Որոշակի պարզաբանումներ կատարեմ. ես եղել եմ Կոմկուսի անդամ, այնուհետեւ՝ 1995-ին մեծամասնական ընտրակարգով ընտրվել եմ պատգամավոր եւ որպես ոչ կուսակցական, անկախ պատգամավոր անդամակցել եմ «Բարեփոխումներ» խմբին, իսկ այդ խմբի լուծարումից հետո «Երկրապահ» պատգամավորական խմբին՝ այդ ընթացքում դառնալով ՕԵԿ֊-ի անդամ: Թե՛ «Բարեփոխումները» եւ թե՛ «Երկրապահը» քաղաքական միավորներ չեն եղել, ուստի քաղաքական կողմնորոշումների փոփոխության մասին խոսք լինել չէր կարող: Այսօր էլ տարբեր խոսակցություններ կան հետագա պաշտոնավարման հետ կապված. ես կհամաձայնվեի պաշտոնավարել բնագավառում, որը կառնչվի գիտության եւ կրթության հետ»:

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ` ժողովուրդն էլ գիտի, որ «կոալիցիան իշխանությունը կիսելու ժամանակավոր, կոմպրոմիսային տարբերակ է եղել». - «Այլ բան է, որ նա տեսներ հստակ քաղաքական գիծ, հստակ քայլեր ու նպատակներ: Այդպիսի բան չի եղել, եղել է ընդամենը օպերատիվ կառավարման կոալիցիա: Պրոբլեմ է եղել, լուծել են դրա անդամները: Չի եղել, միասին գնացել են ռեստորան, հաց կերել: Այ, եթե դաշնակներն էլ դուրս գային կոալիցիայից, այդ ժամանակ իսկապես խոր ու լուրջ քաղաքական ճգնաժամ կլիներ: «Օրինաց երկիր»֊-ը նորեկ է քաղաքական դաշտում, ուրիշ կլիներ այն կուսակցության հեռանալու ազդեցությունը, որը միշտ իշխանության մեջ է եղել ու հանկարծ թողնում, գնում է», -֊ կարծիք է հայտնում սոցիոլոգը «Ազգ» թերթում:

«Գործարարները դուրս չեկան «Օրինաց երկիր»֊-ից, նրանց դուրս մղեցին կուսակցությունից»,֊ - խմբագրականում գրում է «Հայոց աշխարհ»֊-ը: - «Բանն այն է, որ կուսակցության ղեկավարությունը դիտարկում էր գործարարներին բացառապես իբրեւ փողի պարկեր։ Տրամաբանությունը մոտավորապես այսպիսին էր. կան պանծալի մարդիկ, որոնք կատարում են մեծամեծ գործեր, տնօրինում երկրի ճակատագիրը, քաղաքականություն կերտում ե՛ւ պետության ներսում, ե՛ւ նրա սահմաններից դուրս։ Եվ կան փոքր մարդիկ, նույնիսկ ոչ թե մարդիկ, այլ մարդուկներ՝ սեփական խոշոր բիզնեսով, բայց մանր հետաքրքրություններով, նեղ մտահորիզոնով, անընդունակ հասկանալու եւ մտքով ընդգրկելու պանծալին։ Մանր մարդուկները պետք է ճշտակատար ձեւով փող վճարեն, բայց չընկնեն մեծերի ոտքի տակ»։ Իրականում գործարար պատգամավորներն ամենեւին էլ դուրս չեկան «Օրինաց երկիր»-֊ից ինչ-որ մեկի ճնշման կամ վախի մթնոլորտի պատճառով։ Գործարար պատգամավորներին փաստորեն դուրս մղեց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարի պահվածքը։ Եվ, չգիտես ինչու, ձեռքդ չի գնում մեղադրել գործարարներին հեռանալու համար»։

Եվ վերջապես «Ֆուտբոլ պլյուս»-֊ը հայտնում է Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ղեկավարների՝ վերջերս Շվեյցարիայում կայացած հանդիպման մանրամասները: Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններն առանձին հանդիպումներ են ունեցել ՈՒԵՖԱ֊-ի ներկայացուցիչների հետ: Հայկական կողմն ընդգծել է, որ համաձայն է հանդիպումները, ինչպես նախատեսված է կանոնակարգով, անցկացնել Երեւանում եւ Բաքվում, իսկ ադրբեջանական կողմը դարձյալ պնդել է խաղերը չեզոք դաշտում անցկացնելու տարբերակը, եւ դրանով բանակցություւններն ավարտվել են: «Քիչ հավանական է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ հանդիպումների մրցավայրի հարցը որոշվի ՈՒԵՖԱ֊-ի գործկոմի մոտակա նիստերից մեկում»,֊ - եզրակացնում է ֆուտբոլային թերթը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG