Մատչելիության հղումներ

«Նյու Յորք Թայմզ». «Ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի մոլուցքը սահմաններ չունի»


«Ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի ինքնակործան մոլուցքը, կարծես, սահմաններ չունի: Այս շաբաթ թուրքերը հրաժարվեցին մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին`Հայոց ցեղասպանության մասին Կանադայի վարչապետի արած հայտարարությունների պատճառով», - «Թուրքիան, Հայաստանը եւ հերքումը» վերնագրով խմբագրականում այսօր գրում է «Նյու Յորք Թայմզ» թերթը:

«Թուրքիայի դիրքորոշումը դժվար է հասկանալ: Եվ ամեն անգամ, երբ թուրքերը նման քայլ են անում, նոր հարցեր են առաջանում Եվրամիության անդամ դառնալու նրանց նկրտումների վերաբերյալ», - շարունակում է թերթը: - «Ժամանակն է, որ թուրքերը հասկանան, որ նրանց համար առավել մեծ վտանգը պատմության ժխտումն է»:

«Անշուշտ, պետք է հաշվի առնել, որ ցեղասպանության նման ծանր հանցագործությունը ընդունելը դժվար է ցանկացած ազգի համար, սակայն այդ մասին ցանկացած հիշատակում որպես հանցագործություն ներկայացնելը եւ ամեն անգամ «սուտ է» գոռալը աբսուրդի է նման», - գրում է թերթը` ավելացնելով. - «Միեւնույն ժամանակ, մենք չենք տեսնում նաեւ ցեղասպանությունը ժխտողների համար պատիժ սահմանող ֆրանսիական օրինագծի անհրաժեշտությունը: Պատմական ճշմարտությունները պետք է հաստատվեն անաչառ քննարկումների ու երկխոսությունների, ոչ թե օրենքների միջոցով»:

Իսկ «Վաշինգտոն Թայմզ» թերթի թղթակցի հրապարակումը վերնագրված է հետեւյալ կերպ. - «Անկարան անտեսում է ճնշումը` ընդունել հայկական կոտորածը»:

«Վարչապետ Ռաջեփ Թայիբ Էրդողանը վերահաստատեց իր կառավարության անխոտոր հակադրությունը Ֆրանսիայում առաջարկված օրենքի նկատմամբ, որով Առաջին աշխարհամարտի տարիներին 1,5 միլիոն հայերի կոտորածները հերքելը կդառնա քրեորոն պատժելի», - գրում է հոդվածի հեղինակը:

«Ֆրանսիական օրինագիծը նման է վիրուսի», - ասել է Էրդողանը այն բանից հետո, երբ կարգադրել է, որ թուրքական զորամիավորումը չմասնակցի Կանադայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, քանի որ «Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը ցեղասպանություն է որակել այդ կոտորածները»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG