Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ի անդամները՝ երկընտրանքի առջեւ


«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանին խմբակցությունից հեռանալու մասին երեկ իր դիմումն է փոխանցել մեծամասնականով ընտրված Մեխակ Մխիթարյանը, ով մինչեւ 2003 թվականը եղել է Արմավիրի մարզպետի տեղակալ:

Սամվել Բալասանյանը հաստատեց տեղեկությունը, որ կրթության եւ գիտության նախարար, «Օրինաց երկիր»-ի փոխնախագահ, կուսակցության հիմնադիրներից Սերգո Երիցյանը նույնպես կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել: «Երեւի, աթոռապաշտությունն է պատճառը», - «Ազատություն» ռադիոկայանին կարծիք հայտնեց Բալասանյանը:

Նրա վկայությամբ՝ խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը եւ սոցիալական, առողջապահության, եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը նույնպես հրաժարվելու են իրենց պաշտոններից:

«Հակված չեմ մնալ, պատրաստ եմ դուրս գալ, եթե դա կդիտվի կոալիցիոն պաշտոն: Եթե մեր քաղաքական ուժը (ՕԵԿ-ը) գտնի, որ ես պետք է մնամ եւ շարունակեմ աշխատել՝ ես կմնամ», - հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը:

«Օրինաց երկիր»-ին էին տրված Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզպետների պաշտոնները: Ըստ Սամվել Բալասանյանի, Վայոց ձորի մարզպետ Սամվել Սարգսյանը ներկայացրել է կուսակցությունից դուրս գալու մասին դիմում: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը:

Զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին դիմում են ներկայացրել ՕԵԿ-ի կողմից առաջադրված աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծրունի Աղաջանյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արայիկ Գրիգորյանը, ինչպես նաեւ, ըստ շրջանառվող լուրերի՝ տարածքային կառավարման փոխնախարար Գագիկ Ասլանյանը: «Օրինաց երկիր»-ի կազմում նախընտրել է մնալ նաեւ Տավուշի փոխմարզպետ Վահե Վարդապետյանը, ով, իր խոսքերով, այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնելու մարզպետին:

Մշակույթի նախկին նախարար, ներկայումս «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախագահ Թամար Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Ոչ մի բանից էլ դուրս չեմ գալիս, ձեռնպահ եմ մնում որեւէ մեկնաբանումներ անելուց: Ես հիմա զբաղվում եմ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնով եւ ահավոր զբաղված եմ այդ հարցերով»:


Ռուզան Խաչատրյան եւ Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG