Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան. «Օրինաց երկիր»-ի հետ ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ»


«Օրինաց երկիր»-ի հետ ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ, Արթուր Բաղդասարյանը գիտեր ուր է գնում, եւ սա մեկ օրվա բան չէր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Դաշնակցությունն ու Հանրապետական կուսակցությունը, վարչապետի հավաստմամբ, հաստատակամ են մինչ խորհրդարանական հաջորդ ընտրություններ շարունակել կոալիցիայի հուշագրով ամրագրված պարտավորությունների կատարումը: «Երբեք չի կարելի երկրի զարգացումը կապել մեկ կուսակցության գործունեության կամ վերաբերմունքի հետ: Էական որեւէ փոփոխություն երկրի ներքին քաղաքականությունում չի լինի», - ասաց վարչապետը:

Վարչապետը չի կարծում, որ մի քանի օրվա ընթացքում «Օրինաց երկիր»-ից 11 պատգավորների եւ գործարարների դուրս գալը ինչ-որ մեկի կողմից մշակված ծրագիր էր: «Այդ մարդկանց քաղաքական կողմնորոշման հարց էր: Որովհետեւ, եթե պարոն Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք գնում են ընդդիմություն, այդ գաղափարը մեկ գիշերվա ընթացքում չի ծնվել, այդ մտայնությունը եւ քաղաքական որոշումը հասունացել է նախորդ ժամանակաշրջանի գործողությունների հետեւանքով: Այս մարդիկ երբեք չէին մտածում, որ դառնալու են ընդդիմադիր դաշտի պատգամավորներ»:

Ազգային Ժողովի ապագա նախագահի հարցը, վարչապետի հավաստմամբ, Հանրապետական կուսակցությունում քննարկման առարկա դեռ չի դարձել: «Բարոյական չէ գործող նախագահի դեպքում այդպիսի հարց քննարկելը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG