Մատչելիության հղումներ

Արամ Սիմոնյանը դարձավ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր


Այսօր Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) նոր ռեկտոր ընտրվեց համալասարանի պրոռեկտոր, հանրապետական Արամ Սիմոնյանի: ԵՊՀ-ի խորհրդի 72 անդամներից 41-ը քվեարկեցին Արամ Սիմոնյանի, 24-ը՝ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի օգտին:

«Անկեղծ ասած, չէի սպասում, որ կընտրվեմ», - լրագրողներին ասաց համալսարանի նորընտիր ռեկտորը՝ միաժամանակ նշելով, թե մեծ հարգանք է տածում պարտված թեկնածուի հանդեպ:

ԵՊՀ-ի խորհրդի կազմում ընտրություներից ընդամենը 4 օր առաջ վարչապետի հրամանով կատարվել է 7 փոփոխություն: Այդ թվում, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի փոխարեն ընդգրկվել է նախագահի օգնական Գեւորգ Մհերյանը, Գեւորգ Պողոսյանի փոխարեն՝ հասարակական կազմակերպության ղեկավար Էվելինա Վարդանյանը, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի փոխարեն՝ Ազգային Ժողովի պատգամավոր Արարատ Մալխասյանը:

Ուսանողների կողմից խորհրդի անդամ Ստեփան Ենոքյանը անսպասելի զորակոչվել էր բանակ, նրան փոխարինել է ռեյտինգային քվերակությամբ հաջորդ ուսանողը: Ըստ Հայաստանի պաշտպանության նախարար, ԵՊՀ-ի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Ենոքյանը 3 փորձաքննություն էր անցել, եզրակացությունը՝ Ենոքյանը ունի սահմանափակ առողջություն, բայց այդ սահմանափակ առողջությունը հնարավորություն չի տալիս ազատվել զինվորական ծառայությունից»:

Մամուլում տարբեր հրապարակումների համաձայն՝ այս փոփոխություններն արվել են հենց նախորդ քվեարկության ժամանակ անհրաժեշտ 37-ից ընդամենը մեկ ձայն պակաս ստացած Գագիկ Ղազինյանի դեմ:

ԵՊՀ-ի խորհրդի անդամ, Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը վստահություն հայտնեց, որ խորհրդի կազմում փոփոխությունները զուտ տեխնիկական պատճառեր ունեն, իսկ Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ դրանք լիովին համապատասխանել են օրենքին:

Հարցին, թե արդյո՞ք տարօրինակ չէ, որ անցյալ անգամ 20 ձայն ստացած Արամ Սիմոնյանը այս անգամ ընտրվեց՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ «50 օրը բավական ժամանակ է, որպեսզի մարդիկ վերանայեն իրենց որոշումները»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG