Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 13-ը մայիսի)

«Առնետո տախտակ» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է «Օրինաց երկրից» հեռացած պատգամավորների եւ նախարարների լուսանկարները, հետեւյալ մակագրություններով՝ «ՄԱՊ-ի Ալիկ», «Բելաջոյի Գրիշ», «Շշի Մելո», «Բռլյանտի Արշակ», «ՍԱՍ-ի Արտակ», «Երվանդի Սայադ», «Բուլկի Արամ», «Օջախի Տիկո», «Ձերժավայի Արկադ», «Ուազի Էդո», «Կովալի Սամո», «Սերգո Ջան»:

«Կրթության նախարար Սերգո Երիցյանն առավոտյան մեր թղթակցին վստահեցնում էր, թե իր թիմի հետ դուրս է գալու կոալիցիայից. «Թիմով ենք եկել, իսկ թիմը՝ թիմ է», - փոխանցում է «168 ժամ»-ը՝ շարունակելով. - «Սակայն երեկոյան նրա թիմն արդեն ուրիշ էր: Բանն այն է, որ Սերգո Երիցյանը երեկոյան կողմ մտափոխվել է, եւ նախընտրել է ոչ թե Արթուր Բաղդասարյանին, այլ նախարարական իր պորտֆելը: Արդյունքում նա դուրս է եկել «Օրինաց երկրից»:

«Հայկական ժամանակ»-ը եւս գրում է. - «Օրինաց երկրից» դուրս գալու դիմում է ներկայացրել այդ կուսակցության փոխնախագահ, կուսակցական համամասնական ցուցակի երկրորդ համարը՝ գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանը: Վերջինս երեկ ողջ օրը իշխանությունների հետ բանակցել է ՕԵԿ-ից հրաժարվելու դիմաց նախարարի պաշտոնը պահպանելու շուրջ, սակայն վերջինիս ասվել է, որ նախարարի պաշտոնում ինքը չի մնա, բայց կառավարությունում մի գործ, այնուամենայնիվ, կտան: Եվ ահա դրա դիմաց Սերգո Երիցյանը անմիջապես դիմում է գրել ու հրաժարվել իր եւ Արթուր Բաղդասարյանի ստեղծած կուսակցությունից»:

«Այս պահի գլխավոր խնդիրը երկրի թիվ 2 պաշտոնի՝ ԱԺ֊-ի նախագահի ընտրությունն է: Ո՞վ, ներքաղաքական ի՞նչ վերադասավորումներով եւ ինչպե՞ս է նշանակվելու-֊ընտրվելու այդ պաշտոնին, որը լինելու է նաեւ, չմոռանանք, երկրի ապագա նախագահի կնքահայրերից մեկը», - փոխանցում է «Ազգ»-ը: - «Իրազեկները պնդում են, որ Մեծ խաղացողի ծրագիրը վաղուց արդեն պատրաստ է, պատրաստ են նաեւ սցենարները. Արթուր Բաղդասարյանի հրաժարականին հետեւում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանինը: Սակայն քանի որ վերջինս ԱԺ-֊ի պատգամավոր չէ, հանրապետականներից որեւէ մեկը հոժարակամ ինքնազրկվում է մանդատից եւ այն զիջում կուսակցության ցուցակում առաջին տեղը զբաղեցնող Անդրանիկ Մարգարյանին, որն այնուհետեւ ընտրվում է ԱԺ֊-ի նախագահ, իսկ վարչապետի թափուր տեղն անմիջապես զբաղեցնում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը»:

«Հայոց աշխարհ»-ն էլ, վկայակոչելով հավաստի աղբյուրներ, գրում է. - «Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո այդ պաշտոնում ընտրվելու է Տիգրան Թորոսյանը։ Մեր աղբյուրի պնդմամբ, այս կապակցությամբ արդեն ձեւավորված է պայմանավորվածություն»։ «Միանգամայն հավանական է», - շարունակում է թերթը, - «որ թափուր մնացած փոխնախագահի պաշտոնում կընտրվի «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը, իսկ խումբը 17 պատգամավորներով առնվազն փաստացի մաս կկազմի կառավարող կոալիցիայի»։

«Ազգ»-ի հարցին, թե «Չի՞ ցանկանում Վիկտոր Դալլաքյանն ինքը դառնալ Ազգային Ժողովի նախագահ», «Արդարություն» խմբակցության քարտուղարը պատասխանել է. - «8 ամսվա համար չարժե բուտաֆորիա դառնալ, ես այդքան կարճամիտ չեմ»:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, պատասխանելով հարցին, թե կարելի՞ է գնահատել, որ կատարվածով Սերժ Սարգսյանը այս պահի դրությամբ հաղթել է Արթուր Բաղդասարյանին՝ նախագահական ընտրություններից առաջ, պաշտպանության նախարարն ասել է. - «Կարծում եմ՝ այդ հարցը դուք կտաք Արթուր Բաղդասարյանին: Որովհետեւ չեմ կարծում, որ մեր միջեւ որեւէ հակամարտություն կա, եւ չեմ կարծում, որ մենք դուրս էինք եկել պայքարի»: Մեկնաբանելով կոալիցիայից «Օրինաց երկիր»-ի դուրս գալու որոշումը, Սերժ Սարգսյանն ասել է. - «Չեմ կարծում, որ ինչ-որ արտառոց բան է տեղի ունեցել եւ տեղի ունեցածի մեջ բոլորին էլ խորհուրդ եմ տալիս ինչ-որ բաներ չփնտրել: 2003-ին ստեղծվել էր կոալիցիա՝ երեք կուսակցություններից բաղկացած, եւ հիմա կուսակցություններից մեկը, ունենալով անհամաձայնություններ, դուրս է եկել կոալիցիայից»: Պնդելով, թե երբեք առնչություն չի ունեցել այդ կուսակցության ստեղծմանը, պաշտպանության նախարարը անդրադառնում է կուսակցության շարքերից դուրս գալու փաստերին. - «Այդ մարդիկ միաձայն հայտարարում են, որ որեւէ մեկը իրենց չի ճնշել: Այդ մարդկանց վարմունքը ինձ համար հասկանալի է: Հասկանալի է, որ մարդիկ մտել են այդ կուսակցություն կոնկրետ նպատակներով եւ կոնկրետ ուժին աջակցելու համար: Հիմա այդ ուժը տարաձայնություններ ունի իշխանությունների հետ, մյուս կուսակցությունների հետ: Այդ մարդիկ ինչպե՞ս պիտի վարվեին: Բոլորը չեն, որ պատրաստ են գնալ ընդդիմություն, բոլորը չեն, որ համարում են, թե այս իշխանությունները ամեն ինչ սխալ են անում»:

«Չի կարելի լինել ե'ւ գործադիր, ե'ւ օրենսդիր իշխանության կարեւոր բաղադրատարրերից մեկը, բայց միաժամանակ կառավարության ներսում իրականացնել մի քաղաքականություն, իսկ խորհրդարանում հանդես գալ ճիշտ հակառակ դիրքերից։ Երբեմն տպավորություն էր ստեղծվում, թե ունենք երկու «Օրինաց երկիր», - ներկայացնում է «Հայոց աշխարհ»-ը: Նույն թերթում նաեւ ուրվագծված է. - «Մինչեւ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները Ազգային ժողովը կունենա թվով երրորդ ընդդիմադիր խմբակցությունը, որը «Արդարության»֊-ն ու «Ազգային միաբանության»-֊ը ակնհայտորեն կգերազանցի աղմկարարությամբ, սակայն նկատելիորեն կզիջի իր վարկանիշով ու հեղինակությամբ»։

«168 ժամ»-ը ներկայացնում ու գնահատում է. - «Արթուր Բաղդասարյանն այսօր դիմում է ներկայացնում եւ իր զբաղեցրած պաշտոնից հրաժարվում ինչպես սովորական չինովնիկ՝ այդկերպ անուղղակիորեն ապացուցելով, որ իրականում նա այդ պաշտոնում ոչ թե ընտրվել է, այլ նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից: Իսկ եթե նա իրոք լիներ Ազգային Ժողովի ընտրված նախագահ, ապա քվեարկության կդներ իր վստահության հարցը՝ հնարավորություն տալով բացահայտելու այն ստվերային գործընթացները, որ նախորդեցին իր հրաժարականին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG