Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան. «Տարաձայնությունները պետք է քննարկվեն կոալիցիայում, այլ ոչ թե թերթերում»


«Սա նախընտրական արշավը շատ ավելի շուտ սկսելու եւ շուտ վառվելու ցանկություն էր: «Օրինաց երկիր»-ը ինքն է որոշելու իր ճակատագիրը՝ լինել ընդդիմադիր, թե՞ կոալիցիայի մեջ: Մեր հուշագրով, եթե արտաքին կամ ներքին քաղաքականությունում տարաձայնություններ կան կուսակցությունների միջեւ, առաջին հերթին, դրանք պետք է քննարկենք կոալիցիայում, այլ ոչ թե իմանանք թերթերից: Բնականաբան, մենք այդ կապակցությամբ դժգոհություն արտահայտել ենք», - շաբաթ օրը ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով «Օրինաց երկիր» կուսակցության որոշումը՝ դուրս գալ կոալիցիայից:

Անդրանիկ Մարգարյանը չի կարծում, թե «Օրինաց երկիր» խմբակցությունը լքած անդամները դա արել են ճնշումների տակ: Վարչապետի կարծիքով, «այդ պատգամավորները պարզապես քաղաքական կողմնորոշման խնդիր են ունեցել»:

«Իմ կարծիքով, հարցը ավելի շատ քաղաքական էր՝ ընդդիմադիր են դառնում, թե՝ ոչ: Բնականաբար, ընդդիմադիր դաշտում բիզնեսը շարունակելը շատ ավելի դժվար է, սակայն միայն գործարար մարդիկ չէին, որ դուրս եկան «Օրինաց երկիր»-ից: Օրինակ, կրթության եւ գիտության նախարարը, ով բիզնեսով չէր զբաղվում, նույնպես դուրս եկավ: Այսինքն՝ սա քաղաքական կողմնորոշման, ոչ թե՝ բիզնեսը պաշտպանելու խնդիր է», - եզրափակեց վարչապետ Մարգարյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG