Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Կոալիցիայի փլուզման մեջ որեւէ ողբերգություն չկա»


Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին Ազգային Ժողովի հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուն՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ եւ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը Բելգիայի մայրաքաղաքից է հետեւում:

Իր նշանակման մասին լուրերին Տիգրան Թորոսյանը հանգիստ է վերաբերում: «Սովորական լուրեր են, հատուկ մեկնաբանելու որեւէ բան չկա: Կտեսնենք՝ ինչ կլինի, ըստ այդմ էլ կլինեն մեկնաբանություններ եւ բացատրություններ», - շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԱԺ փոխխոսնակը:

Կոալիցիայի փլուզումից էլ Տիգրան Թորոսյանը առանձնապես չի նեղսրտել. - «Կոալիցիաները միշտ էլ ժամանակավոր են, ոչ ձեւավորման, ոչ էլ քանդվելու մեջ որեւէ ողբերգություն չկա: Նորմալ է ամեն ինչ, կարեւոր է, որ աշխատանքներն Ազգային Ժողովում նորմալ շարունակվեն»:

Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը ուրբաթ օրը կայացած ասուլիսում քաղաքական կոալիցիայից «Օրինաց Երկիր»-ի դուրս գալը ոչ մի ճնշման չվերագրեց: Պատասխանելով նախագահական նստավայրից հնարավոր ճնշումների մասին հարցին, Տիգրան Թորոսյանը նշեց՝ «Պարոն Բաղդասարյանին չհավատալու որեւէ հիմք չունեմ»:

Ազգային ժողովի փոխխոսնակը «սովորական երեւույթ» է համարում «Օրինաց Երկիր»-ից պատգամավորների, նախարարների արտահոսքը. - «Կուսակցության մեջ տեղաշարժերը ցավալի են ցանկացած կուսակցության համար: Շատ կարեւոր է, որ Հայաստանում բազմակուսակցական համակարգը լինի կայուն եւ չենթարկվի տարբեր ցնցումների: Բազմակուսակցական համակարգի թուլությունը, դեռեւս չկայացած լինելը այսօր քաղաքական ասպարեզի ամենամեծ մարտահրավերն է»:

«Հուսով եմ, որ Հանրապետական կուսակցությանը նման լուրջ ցնցումներ չեն սպառնում: Բայց, բնականաբար, հնարավոր չէ բացառել, որ եթե երբեւէ ՀՀԿ-ն իշխանության մեջ չլինի, այդ ժամանակ մեր կուսակցությունից էլ մարդիկ կհեռանան: Սակայն ես վստահ եմ, որ դրանից մեր կուսակցությունը ոչինչ չի կորցնի», - եզրափակեց Տիգրան Թորոսյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG