Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան «Արթուր Բաղդասարյանը մեկուկես ժամանոց հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Բաղդասարյանը պետք է հրաժարական տա ԱԺ նախագահի պաշտոնից, իսկ ՕԵԿ-ը դուրս գա կոալիցիայից»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Չորս տարի առաջ «Օրինաց երկիր»-ը գործադիր իշխանության մասը չէր, նրա պոպուլիզմին կարելի էր հանգիստ վերաբերվել։ Սակայն առավել քան տարօրինակ է լինել կառավարող կոալիցիայի անդամ, ունենալ կառավարության մի շարք անդամներ եւ տարբեր տրամաչափի պաշտոնյաների անհամար թվաքանակ, պաշտպանված ու հուսալի բիզնես, եւ հնչեցնել նախկին մեղեդին։ Սա խաղի կանոնների խախտում է, դրա համար դաժանորեն պատժում են»։

«Փաստորեն ստացվում է, որ իշխող կիսաքրեական կլանային համակարգը կարողանում է շատ կտրուկ լուծել անգամ պետության երկրորդ դեմքի հարցը, եթե վերջինս իրեն թույլ է տալիս շեղվել այդ համակարգի թայֆայական շահերից», - գնահատում է «Իրավունք»-ը:

«Երեք տարի առաջ Արթուր Բաղդասարյանը ողջունում էր կոալիցիոն հուշագրի ստորագրումը, որը ուժի մեջ պիտի մնար մինչեւ Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները», - հիշեցնում է «Այբ-Ֆե»-ն՝ շարունակելով. - «Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ «Օրինաց երկիր»-ը քաղխորհրդի երեկ կայացրած միաձայն որոշմամբ այլեւս քաղաքական կոալիցիայի անդամ չէ: Բանակցությունների միջոցով կոալիցիոն կուսակցությունները չկարողացան հարթել առկա անհամաձայնությունները, եւ Արթուր Բաղդասարյանը իշխանությունից հեռանում է... Ընդդիմության շարքերը ստվարանում են. գուցե այսպես են ծնվում Սահակաշվիլիները»:

«Առավոտ»-ի հարցազրույցում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ասում է. - «Ուղղակի ինչպես լեյտենանտ Շմիդտի որդիների կոնվենցիան՝ կոալիցիոն ուժերն էլ ունեն ներքին պայմանավորվածություններ, խաղի կանոններ, որոնց միջոցով եկել են իշխանության: Եվ եթե մեկը խախտում է այդ պայմանավորվածությունները՝ նրան պետք է պատժել: Պատժելու ձեւը գտել են, որ մյուսներն էլ նույնը չանեն... Արդեն շատ է ուժգնանում «գիշատիչների խրախճանքը»՝ իրար ջարդելով պիտի լինեն իշխանության ներսում»: «ՕԵԿ-ը քայքայելու համար պահանջվեց շուրջ մեկ շաբաթ: Ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակ կպահանջվի տրոհելու մյուս իշխանական կուսակցությունները՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն» հարցին Մանուկյանը պատասխանում է. - «Դաշնակցությունն ավելի քիչ հավանական է, քանի որ, այնուամենայնիվ, այն ունի ներքին կաստայական մի ամուր կառուցվածք: Բայց եթե ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանն է, ապա այս իշխանության ձողը ՀՀԿ-ն է: Այն կարող է վտանգի զգացում առաջացնել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մոտ: Եվ այդ դեպքում ՀՀԿ-ն ոչ թե կտրոհեն, այլ կձգտեն այնպես անել, որ նրա ուժը թուլանա, բաժանվի մի քանի կուսակցությունների միջեւ: Ուստի պատահական չէ, որ Գագիկ Ծառուկյանի եւ գլխավոր դատախազի կուսակցությունները գործելու են նույն դաշտում: Մեկ ձողի փոխարեն կլինեն 3-ը՝ դրանք վերահսկելն ավելի հեշտ կլինի: Եվ վերափոխումներ կլինեն՝ որոշ մարդիկ ՀՀԿ-ից կտեղափոխվեն Ծառուկյանի կամ դատախազի կուսակցություններ»:

«Առավոտ»-ը ներկայացնում է ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանի պնդումը, թե «իշխանության վերադասավորումները ձեռնտու են ընդդիմությանը, քանի որ փոխվում են խաղի կանոնները» եւ, միաժամանակ՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը պատասխանը. - «Երբ Ստալինը սկսեց ջարդել Կամենեւին, Զինովեւին եւ Բուխարինին՝ ծիծաղելի կլիներ, եթե հակառակորդ սպիտակգվարդիականներն ուրախանային, որ իրար ջարդելով՝ իշխանությունը թուլանում է: Ո՛չ: Ուղղակի կենտրոնանում է մեկի ձեռքում: Հիմա իշխանության ներսում այդ վերափոխումները չեն բերում նրան, որ իշխանությունը կանցնի ժողովրդի կամ ընդդիմության ձեռքը: Իրենց միջեւ է ընթանում այս վերաբաժանումը: Եվ ինչքան քիչ «խաղացողներ» եղան, այնքան ավելի կուռ իշխանություն է լինելու, որի դեմ դժվար է լինելու պայքարելը»: «Իրավունք»-ի մեկնաբանի հայացքով եւս՝ «այնքան էլ միանշանակ չէ, որ ամբողջ իշխանական դաշտը պատրաստ է հում-հում հոշոտել Արթուր Բաղդասարյանին». - «Եթե «Օրինաց երկիր» կուսակցությունը քաղաքականապես ոչնչացվի, ապա Սերժ Սարգսյանի հարվածների սլաքն անխուսափելիորեն կուղղվի ընդդեմ ՀՅԴ-ի, իսկ ՀՀԿ-ն կդառնա իշխանության բոլոր սխալների համար սուր քննադատությունների ենթարկվող միակ քաղաքական ուժը, յուրահատուկ քավության նոխազ»:

«Առավոտ»-ի մեկնաբանը, ստեղծված իրավիճակը կապակցելով Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, գրում է. - «Բոլոր ռեսուրսները սպառված են՝ արդեն չկան պատրվակներ, փաստարկներ՝ արդեն սպառված է ժամանակը: Ռոբերտ Քոչարյանը հարկադրված է մարել այն մուրհակը, որ վերցրել է 98-ին: Եվ նա պատրաստ է ամեն ինչի՝ միայն թե ոչինչ չլինի... Ահա եւ ԱԺ նախագահի հրաժարականը միջոց է Ռոբերտ Քոչարյանի համար խուսափելու սեփական հրաժարականից եւ ժամանակ շահելու իր հարազատ իրավահաջորդին փոխանցելու իշխանությունը»:

«Այն, ինչ այս օրերին կատարվում է ՕԵԿ-ի հետ, ամենեւին էլ այդ կուսակցության պրոբլեմը չէ: Դա ողջ քաղաքական դաշտի պրոբլեմն է», - ընդհանրացված է «Չորրորդ իշխանություն»-ում: - «Քոչարյանը մտածված է բարոյազրկում Հայաստանի քաղաքական դաշտը: Նա քայլ առ քայլ, հետեւողականորեն փչացնում է բոլորին, որպեսզի Հայաստանում իրենից բացի որեւէ իշխանական ինստիտուտ չմնա: Եվ խնդիրն այստեղ ամենեւին էլ Արթուր Բաղդասարյանին թուլացնելը չէ: Խնդիրը բոլորին փչացնելն է»:

«Հայոց Աշխարհ»-ում «Օրինաց երկիր»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը ասում է. - «Եթե ուշադիր ինձ նայեք, ուղղակի ճակատիս է գրված «Օրինաց երկիր»։ Ես այս կուսակցության կառուցողներից մեկն եմ եւ չեմ կարող դուրս գալ։ Երեկ օդանավակայանում վարյէջքից հետո մարդիկ ինձ տեսնում էին, ասում՝ «Օրինաց երկիրը» եկավ։ Ո՞նց կարող եմ հրաժարվել իմ սկզբունքներից։ Ես ընդունակ չեմ գնալ- ասել իմ կուսակցական ընկերներին, որ Բալասանյան Սամվելը այլեւս հեռանում է»։ Իսկ «Հայկական ժամանակ»-ը մեջբերում է պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքերը. - «Ինչ էլ անեն, ինչ կարգի ճնշումներ էլ գործադրեն, միեւնույն է, ես երբեք «Օրինաց երկրից» դուրս չեմ գա։ Նայեք իմ ճակատին. այնտեղ գրված է՝ «Օրինաց երկիր»»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG