Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը, որի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունը երեկ դուրս եկավ իշխող կոալիցիայից, այսօր հայտարարեց իր հրաժարականի մասին:

Խոսնակը հայտնեց, որ մայիսի 22֊-ին՝ խորհրդարանի առաջիկա նիստում գրավոր կներկայացնի իր հրաժարականը, իսկ այնուհետեւ կվերահաստատի այն 5 օրվա ընթացքում՝ ինչպես պահանջում է օրենքը:

«Ուզում եմ հեռանալ, գնալ իմ ճանապարհով, իմ քաղաքական ուժի ճանապարհով»,֊ - լրագրողներին ասաց Արթուր Բաղդասարյանը:

Իր հրաժարականը եւ «Օրինաց երկրի» դուրս գալը կոալիցիայից նա բացատրեց տարաձայնություններով՝ ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերում՝ ավելացնելով, որ տարաձայնություններ է ունեցել նաեւ նախագահի հետ: Նրա վկայությամբ, տարաձայնությունները վերաբերում են սոցիալական ոլորտին, կոռուպցիայի դեմ պայքարին, մասնավորեցման գործընթացին, եվրաինտեգրման խորացմանը եւ ՆԱՏՕ-֊ի հետ հարաբերություններին:

Արթուր Բաղդասարյանը ժխտեց, որ «Օրինաց երկիր»-ի կոալիցիայից դուրս գալու գաղափարը նախագահն է հղացել:

Խոսելով ապագայի մասին, խոսնակն ասաց. - «Իհարկե, դառնում ենք ընդդիմադիր: Մենք ոչ մեկի տեղը չենք պատրաստվում զբաղեցնել, մենք ունենք մեր ուրույն տեղը: Այսօր չեմ ուզում խոսել ապագա դաշնակիցների մասին»:

Պատասխանելով առաջիկա նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին, Արթուր Բաղդասարյանն ասաց. - «Ոչինչ չեմ բացառում: Կգա ժամանակը՝ քաղաքական վճիռներ կկայացնեմ»:

Ըստ մեկնաբանների կանխատեսումների, մինչեւ նոր խոսնակի ընտրությունները այդ պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, որին նաեւ համարում են խոսնակի ամենահավանական թեկնածու:

Վերլուծաբանները փաստում են, որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում խորհրդարանի ոչ մի խոսնակ դեռ չի պաշտոնավարել ողջ գումարման ընթացքում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG