Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքաշինության նախարարը դուրս է եկել «Օրինաց երկիր»-ից, սակայն չի պատրաստվում հրաժարական տալ


Հայաստանի քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանն այսօր դուրս է եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից: Այդ մասին նա հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին՝ միաժամանակ տեղեկացնելով, թե չի պատրաստվում հրաժարվել նախարարի պաշտոնից:

«Կառավարությունը գոհ է իմ աշխատանքից, եւ եթե ինձ վստահեն, կշարունակեմ աշխատել»,֊ - ասաց նախարարը՝ ավելացնելով. - «Այն ծրագիրը, որը մենք իրականացնում ենք, անհրաժեշտ է ավարտել»:

Միաժամանակ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Գեւորգ Գեւորգյանը, ում թեկնածությունն առաջադրել է «Օրինաց երկիր»-֊ը (Գեւորգյանը «Օրինաց երկիր»-ի անդամ չէ), «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Հրաժարականի հարց չկա: Բայց ես պորտֆելից կառչած չեմ եւ պաշտոնի համար չեմ եկել այստեղ»:

«Օրինաց երկիր»֊-ը ներկայացնող երրորդ նախարարի՝ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հետ «Ազատություն» ռադիոկայանին կապվել չհաջողվեց:


2003 թվականի ամռանը կոալիցիայի անդամների կողմից ստորագրված հուշագրում ամրագրված է, որ «կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է մյուս կողմերին գրավոր տեղեկացնել կոալիցիայից իր դուրս գալու մասին՝ միաժամանակ հետ կանչելով սույն հուշագրով նախատեսված իր բոլոր պաշտոնյաներին»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG