Մատչելիության հղումներ

Բրյուսելում քննարկվում է «Կովկասյան կայունության պակտ»-ը


Այսօր Բրյուսելում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկվում է «Կովկասյան կայունության պակտը»-ը: Քննարկումներին ներկայացված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Եվրախորհուրդը եւ Մեծ ութնյակի երկրները: Հայաստանը ներկայացնում է ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը:

«Դեռեւս երկու տարի առաջ ԵԽԽՎ-ի պատգամավորներից բուլղարացի Տոշեւը առաջարկություն էր ներկայացրել՝ պատրաստել զեկույց «Հարավային Կովկասի երկրների խաղաղության պակտ» վերնագրով: Ակնհայտ է, որ այս գաղափարը առաջացել էր Հարավ-Արեւելյան Եվրոպայի երկրների «Կայունության պակտ»-ի հետ զուգահեռաբար, որի հետ կապված առաջին միջոցառումը տեղի էր ունեցել 1999 թվականին Քյոլնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տիգրան Թորոսյանը:

«Ակնհայտ է, որ կա մեկ դժվարություն, որը Հարավ-Արեւելյան Եվրոպայի «Կայունության պակտ»-ի հետ կապված գոյություն չուներ. Ադրբեջանը միշտ հայտարարում է, թե պատրաստ է համագործակցության միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումից հետո: Սակայն, կարծում եմ, անընդհատ կրկնվող այս մոտեցումը ոչ մի քննադատության չի դիմանում: Մասնավորապես, Եվրախորհուրդը, ակնհայտորեն, իր սկզբունքներով նախընտրում է երկխոսությունը հանուն հակամարտությունների լուծման, եւ ոչ թե հակառակը», - նշեց Ազգային ժողովի փոխխոսնակը:

«Եթե զեկույց պատրաստվի, բանաձեւի կամ հանձնարարականի նախագիծ լինի, ինչ-որ հետեւանքներ կարող են լինել: Բայց միայն քննարկումը ցույց կտա, արդյո՞ք զեկույցի առաջարկությունը կարող է շարունակություն ունենալ: Զեկույցը դեռ պատրաստ չէ, առաջարկությունը ձեւավորվել էր 2004 թվականի հունիսին, ժամկետը լրանում է մեկ ամիս հետո, եւ եթե որեւէ բան չարվի, զեկույցը ընդհանրապես դուրս կգա օրակարգից», - եզրափակեց Տիգրան Թորոսյանը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG