Մատչելիության հղումներ

Գործարար պատգամավորները շարունակում են լքել «Օրինաց երկիր»-ը


Հինգշաբթի օրը «Օրինաց երկիր» կուսակցությունից եւ խմբակցությունից հեռացավ համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր Արկադի Համբարձումյանը: Երեկ ուշ երեկոյան խմբակցությունից ու կուսակցությունից դուրս գալու դիմում էին ներկայացրել նաեւ պատգամավորներ Էդուարդ Գաբրիելյանն ու Սայադ Զախարյանը (երկուսն էլ խորհրդարան էին ընտրվել «Օրինաց երկիր»-ի համամասնական ցուցակով):

Արկադի Համբարձումյանը «Դերժավա» եւ «Սլավ Գրուպ» ընկերությունների սեփականատերն է: Սայադ Զախարյանը Երեւանի քաղաքապետի կրտսեր եղբայրն է, իսկ Էդուարդ Գաբրիելյանը՝ Սայադի մտերիմ ընկերը:

Ըստ որոշ տեղեկությունների, քաղաքապետի եղբայրը մի շարք հողատարածքներ ունի մայրաքաղաքի ամենաթանկ շրջաններում: Իսկ Էդուարդ Գաբրիելյանը «Երեւան Ուազ» ընկերության սեփականատերն է:

Սպասվում է, որ «Օրինաց երկիր»-ի շարքերից դուրս կգա եւս մեկ պատգամավոր՝ «Օջախ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդին՝ Տիգրան Եգանյանը: Եթե դա տեղի ունենա, ԱԺ-ում «Օրինաց երկիր»-ը կունենա ընդամենը 11 պատգամավոր:

Թե պաշտոնապես քանի պատգամավոր է մնացել «Օրինաց երկիր»՝ երբեմնի քսան հոգանոց եւ Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ խմբակցությունում, հայտնի կդառնա միայն Ազգային ժողովի լիագումար նիստում, երբ կընթերցվեն խմբակցությունից հեռանալու դիմում գրածների անունները:

Խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը՝ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հնարավոր հրաժարականին վերաբերող հարցին ի պատասխան ասաց. - «Կոնկրետ ես, որպես Ազգային ժողովի պատգամավոր, կողմ եմ, որ ինքը հրաժարվի, եւ մենք դուրս գանք կոալիցիայի շարքերից»:

Նրա պնդմամբ՝ այդ տեսակետը կիսում է «ամբողջ «Օրինաց երկիր» կուսակցությունը»:

Հարցին, թե հնարավո՞ր է համագործակցությունը ընդդիմության հետ, Բիշարյանը արձագանքեց. - «Քանի որ մենք դեռ այսօր կոալիցիայի անդամ ենք, եւ Արթուր Բաղդասարյանը դեռ Ազգային ժողովի նախագահ է, այդ մասին մի քիչ վաղ է խոսելը»: Թեեւ մեկ այլ առիթով ասաց. - «Բազմաթիվ մարզեր գնացեք, մտեք գյուղեր եւ տեսեք ինչպիսի վիճակ է, որը ձեզ ցույց կտա՝ արդյոք վերջին 10-15 տարիների քաղաքականությունը որեւէ բան փոխե՞լ է մեր կյանքում, թե՞ ոչ»:

Ինչ վերաբերում է հեռացողներին, Հեղինե Բիշարյանի կարծիքով, եթե բիզեսն անկախ լիներ, այսպիսի բան տեղի չէր ունենա. - «Անկախ նրանից, բիզնեսմենը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է, Հանրապետական է, դաշնակ է, թե այլ կուսակցության անդամ է, նրան այս վտանգը սպառնում է... Սա կարող է լինել ցանկացած քաղաքական ուժի հետ եւ ցանկացած բիզնեսմենի հետ»:

Նա պնդեց, որ պատգամավորների վրա դուրս գալու համար ուղղորդում, ճնշում, թելադրանք եղել է: «Բայց ում թելադրանքը եւ ինչու՝ ես չեմ կարող ասել», - հավելեց Բիշարյանը:

Մյուս կողմից, ըստ նրա, մի քանի բիզնեսմենի դուրս գալը «լուրջ բան չէ» կուսակցության համար. - «Կուսակցությունը ունի 62 հազարից ավելի կուսակցականներ, եւ 10 հոգու դուրս գալը, կարծում եմ, «Օրինաց երկիր» կուսակցության համար էական նշանակություն չունի»:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG