Մատչելիության հղումներ

Հայաստանի մտավորականության ներկայացուցիչներն առաջարկում են վերականգնել Խորհրդային Հայաստանի օրհներգը


Հայաստանի մտավորականության մի խումբ ներկայացուցիչներ այսօր բաց նամակ են հղել երկրի նախագահին, խորհրդարանի խոսնակին եւ վարչապետին՝ առաջարկելով վերականգնել Խորհրդային Հայաստանի օրհներգը, որի երաժշտության հեղինակն է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

Հայաստանի խորհրդարանը Խորհրդային Հայաստանի օրհներգը չեղյալ է հայտարարել 1991 թվականին՝ պետական օրհներգ հռչակելով «Մեր հայրենիքը»՝ հիմք ընդունելով 1918-֊1920 թվականների Հայաստանի առաջին հանրապետության օրհներգը:

Մայիսի սկզբին Հայաստանի կառավարությունը մրցույթ է հայտարարել պետական նոր օրհներգի երաժշտության եւ բառերի համար:

Նամակի հեղինակները հույս են հայտնում, որ «Հայաստանի ղեկավարները դրականորեն կարձագանքեն իրենց առաջարկին, եւ պետությունը կստանա իր պատմությանը եւ ապագային արժանի օրհներգ»:

Նամակը ստորագրել են կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, երգչուհի Գոհար Գասպարյանը, դերասան Սոս Սարգսյանը, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ինչպես նաեւ գիտնականներ, գրողներ, ստեղծագործական միությունների ղեկավարներ:

«Լավագույն կոմպոզիտորի լավագույն տարբերակն է [Խորհրդային Հայաստանի] օրհներգի երաժշտությունը, բայց տեքստը պետք է փոխել», - «Ազատություն» ռադիոկայանին այս կապակցությամբ ասաց Գոհար Գասպարյանը:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, որը չի ստորագրել նամակը, գտնում է, որ «21-րդ դարում մենք պետք է ունենանք նոր օրհներգ»:

«Եթե կառավարության հայտարարած մրցույթի արդյունքները մեզ չբավարարեն, մենք կմիանանք նամակի հեղինակների առաջարկությանը», - ավելացրեց նա:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG